Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 3-ը ապրիլի)

«Հայոց աշխարհ»-ի թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերում Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու փորձերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը մասնավորապես պատասխանել է. - «Որոշ մարդիկ, որոնք պարզ չէ՝ ունե՞ն համապատասխան արժանիքներ, թե՞ ոչ, ուզում են երկրի ներսում ներքաղաքական խառնաշփոթ կազմակերպել: Ինչպե՞ս կարող է արտաքին վտանգներին եւ մարտահրավերներին դիմագրավել այն ժողովուրդը, որի մի կեսը մտահոգված է առաջին գծի պաշտպանությամբ, իսկ մյուս կեսը տարված է իշխանափոխության գաղափարներով, ընդ որում՝ պարզապես իշխանություն ձեռք բերելու համար»:

Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ Արարատ Մահտեսյանը այսօր «Հայոց աշխարհ» թերթում հավաստիացնում է, որ Գյումրիում վերջին միջադեպի ժամանակ ոստիկանության գործողությունները եղել են «օրենքի եւ իրենց գործառույթների ճշգրիտ սահմաններում»: Ինչ վերաբերում է առաջիկային, Մահտեսյանի խոսքերով՝ «միշտ պատրաստ ենք ե'ւ բարոյապես, ե'ւ ուժային, ե'ւ հատուկ միջոցներով հակազդել, եթե կլինեն օրինախախտումներ». - «Օպերատիվ ծառայություններ ունենալով՝ մենք տիրապետում ենք որոշակի տեղեկատվության, որ այդպիսի գործողություններ չեն բացառվում»:

«Առավոտ» թերթը տեղեկություններ է փոխանցում, թե Ղարաբաղից Երեւան են բերվում 250-300 երիտասարդներ, «որոնք պիտի կատարեն Սերժ Սարգսյանի ցանկացած հրաման»: Ըստ այլ տեղեկությունների՝ առաջիկայում «Ազգային միաբանության» եւ «Արդարություն» դաշինքի հանդիպումների ժամանակ, ժողովրդի մեջ են նետվելու պայթուցիկ նյութեր, որոնք թեեւ չեն վնասում առողջությանը, սակայն մեծ աղմուկ են առաջացնում եւ կարող են խուճապի մատնել հանդիպման մասնակիցներին. - «Իսկ հատուկ ջոկատի մարտիկներին արդեն իսկ բաժանել են ռետինե փամփուշտներ, որոնք պատրաստվում են կիրառել հանրահավաքների ժամանակ հնարավոր բախումների դեպքում»: «Չի բացառվում, որ այս բոլոր լուրերը միտված են միայն մեկ նպատակի՝ խուճապային տրամադրություններ ստեղծել հանդիպումների նախօրեին, որ մարդիկ զգուշավորություն դրսեւորելով՝ ուղղակի չմասնակցեն հանրահավաքներին», - եզրափակել է «Առավոտ»-ը:

«Որքան հեռու կգնան իշխանությունները ընդդիմությանը սանձելու գործում, դրանից կախված կլինի ոչ միայն իրենց, այլեւ պետության ճակատագիրն՝ առհասարակ», - բանաձեւում է «Առավոտ»-ի խմբագրականը: - «Որովհետեւ, ամեն դեպքում մեծ տարբերություն կա, երբ ձերբակալում են վարորդին կամ թիկնապահներին... Եվ ամեն բան փոխվում է, երբ ձերբակալում են առաջնորդներին»: «Եթե իշխանության՝ «Արդարություն» դաշինքի դեմ քրեական գործ հարուցելու որոշումը թելադրված է ընդամենը բնակչությանը վախեցնելու ցանկությամբ, որպեսզի շարքային քաղաքացիները չանսան ընդդիմության կոչերին ու փողոց դուրս չգան, այնքան էլ սարսափելի չէ: Սակայն», - ընդգծում է մեկնաբանը, - «Եթե նորանշանակ դատախազն ու նրա բարձրաստիճան շեֆերն ընկնեն վրեժխնդրության էյֆորիայի մեջ եւ իրականացնեն հնչեցրած սպառնալիքներն ու ընդդիմության առաջնորդներին նստեցնեն ճաղավանդակների ետեւում, դա լրիվ հակառակ արդյունք կտա... Առավել վտանգավորն այն է, որ այդ ժամանակ տարերային հեղափոխության հավանականությունն ավելի մեծ կլինի, քանի որ այդ հեղափոխությունը կիրականացնի լյումպենը, որն ի տարբերություն քաղաքական ընդդիմության, դժվար թե գիտակցի՝ ինչ է ուզում եւ հանուն ինչի: Նա առհասարակ չի էլ մտածի՝ միայն կգործի»:

«Հայկական ժամանակ» թերթը «արտառոց իրադարձություն» է որակել երկուշաբթի օրը կայանալիք Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի համատեղ ասուլիսը: Սպասվում է, որ հենց այդ ասուլիսի ընթացքում ընդդիմության լիդերները կհայտարարեն միասնական հանրահավաքի օրվա մասին: «Քաղաքական ընթացիկ շրջանի ամենամեծ խնդիրներից մեկը Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի հարաբերություններն են», - նշում է «Հայկական ժամանակ»-ը եւ այդ առնչությամբ բերում Արտաշես Գեղամյանի հետեւյալ մեկնությունը. - «Մենք գիտակցում ենք պատասխանատվությունը անպայմանորեն կանոնակարգելու եւ առաջնորդելու համաժողովրդական այն ընդվզումը, որ մինչ օրս հազիվ ենք կարողացել զսպել, որպեսզի երկիրը չհայտնվի քաոսային անկառավարելի վիճակում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի որակմամբ՝ ընդդիմության վիճակը շարունակում է մնալ «կայուն ծանր»: «Այն, ինչին այսօր ձգտում է ընդդիմությունը, ըստ էության, անձի խնդիր է», - կրկին շեշտադրվում է այստեղ: - «Բայց այդ խնդրի ցանկացած լուծման պարագայում անխուսափելիորեն վնաս է հասցվելու երկրի համբավին, ինչը ենթադրում է նաեւ համապատասխան սոցիալական հետեւանքներ ժողովրդի համար»:

Խորհրդարանի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Երկու կողմերն էլ՝ ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը, պետք է հասկանան, որ խաղասեղանին են դրված երկրի անվտանգությունը, տնտեսությունը, Ղարաբաղի հարցը: Եվ եթե անձնական ամբիցիաները դեռ բոլորին չէ, որ կուրացրել են, երկու կողմերն էլ հոգեբանորեն պետք է պատրաստ լինեն երկխոսության եւ փոխզիջումների: Այն սցենարով, ինչ սցենարով մինչ այս պահը գործողությունները զարգանում են, այդ սցենարը ոչ մի լավ բան չի խոստանում: Նման սցենարով գործողությունների զարգացման արդյունքում պարտվելու ենք բոլորս», - ընդգծում է Կարեն Կարապետյանը: - «Այսօր ժամանակի ռեսուրսը քիչ է, բայց դեռ ուշ չէ իրավիճակը շտկելու համար: Եվ ցավում եմ, որ որոշ ուժեր, որոնք իրենց անունը քաղաքական ուժ են դնում՝ հայտարարում են, թե իրենք դեռ կսպասեն: Ահա այդ կարգի ուժերն են, որ երբ ամեն ինչ ավարտված կլինի՝ կսկսեն իրենց բռունցքները ճոճել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG