Մատչելիության հղումներ

«Եթե ձերբակալություններ լինեն, դրանք կկատարվեն միայն ՀՀ օրենսդրության սահմաններում» հավաստիացրել է Քոչարյանը


«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ոչ մի անօրինական կալանք չի լինի, ու եթե ձերբակալություններ լինեն, դրանք կկատարվեն միայն Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում»,֊ - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում՝ անդրադառնալով գլխավոր դատախազության կողմից հարուցված հայտնի գործին, ասաց Լեհաստանի ժամանակավոր հավատարմատար Մյեչիսլավ Լոնշան դը Բերյեն, որն ապրիլի մեկին մասնակցել է ՀՀ նախագահի ու Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հանդիպմանը:

Եվրամիության երկրների դեսպաններին մտահոգում է.
երկրի ներքաղաքական իրավիճակը: «Իհարկե, ներկայիս իրավիճակը մի փոքր մտահոգիչ է, որովհետեւ ակնհայտ է, որ կառավարության եւ ընդդիմության միջեւ առճակատում կա» ,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը:

Ըստ նախագահ Քոչարյանի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ անդրադառնալով հանրապետության ներքաղաքական իրավիճակին, հանդիպման մասնակիցները «միակարծիք էին, որ առաջնային գերխնդիրը երկրում կայունության պահպանումն է, ինչը առաջընթացի եւ հաջող զարգացման հիմնական գրավականն է»:

Գերմանիայի դեսպանը՝ ասելով թե, նրանք , ովքեր շահագրգիռ են երկրի կայունությամբ, պետք է ցանկանան, որ այս օրերը խաղաղ լինեն. «Իհարկե խոսքի, հավաքներ կազմակերպելու ազատությունը նույնպես շատ կարեւոր է Եվրամիության եւ Եվրախորհրդի համար, որին Հայաստանը անդամակցում է»:

Հանս Վուլֆ Բարթելսը հույս հայտնեց, որ առճակատում չի լինի. «Սա պահանջում է որոշակի խոհեմություն իշխանություններից, եւ նախագահը մեզ հավաստիացրեց, որ երկրի ղեկավարությունը շահագրգիռ չէ բռնության գործադրմամբ»:

Նա նաեւ նշեց, որ ընդդիմադիրները եվրոպական պատվիրակությունների հետ հանդիպումներում հավաստիացրել են, որ գործելու են միայն խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով:

Անդրադառնալով ակնարկներին, թե դրսի երկրները քաջալերում են ընդդիմությանը, դեսպանի ասաց. - «Մենք չեզոք ենք այս կոնֆլիկտում: Չի կարելի ասել թե մենք որեւէ կերպ աջակցում ենք ընդդիմությանը, որ պաշտպանում ենք ընդիմադիրներին՝ իշխանությունների դեմ պայքարում: Մենք ուղղակի պաշտպանում ենք ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը, խոսքի ազատությունը, բայց մենք չենք կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ այս հակամարտությունում պաշտպանելով որեւէ կողմի»:

Հանդիպումը կայացել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների նախաձեռնությամբ:

Անդրադառնալով Եվրամիության «Առավել ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հարավային Կովկասի երկրներին ընդգրկելու հարցին, Հանս Վուլֆ Բարթելսը կարծիք հայտնեց, որ Եվրահանձնաժողովը հունիսին, ամենայն հավանականությամբ, դրական եզրակացություն կտա: Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն ու կապերը նա գնահատեց «շատ լավ ու գերազանց»:


Եվրամիությանն անդամակցելու ճանապարհն անցած Լեհաստանի ժամանակավոր հավատարմատարը նշեց, որ «Առավել ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում ամրապնդվելու եւ առաջ գնալու համար Հայաստանը նախ եւ առաջ պետք է լինի ավելի ժողովրդավարական երկիր եւ պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխանող օրենքներ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG