Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի եթերազրկման երկրորդ տարելիցին նվիրված հանրահավաքը քաղաքականացված չի լինելու


2002 թվականի ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ հետագայում ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային բազմաթիվ կազմակերպություններ կողմից խիստ քննադատության արժանացած որոշմամբ «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը զբաղեցրած կապուղուց զրկելու երկրորդ տարելիցին կազմակերպվելիք միջոցառման նախաձեռնողները չորեքշաբթի օրը հայտարարեցին, որ հանրահավաքը քաղաքականացված չի լինելու՝ գաղափարը խոսքի ազատության պաշտպանությունն է:

«Մենք այսօր չենք խոսում քաղաքական համակրությունների կամ գաղափարական տարաձայնությունների մասին», - ասաց նախաձեռնող խմբի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: - «Խոսքի ազատությունը չի ենթադրում լինել իշխանամետ, չի ենթադրում լինել ընդդիմադիր»:

Փաշինյանի կարծիքով, խոսքի ազատությունը ոչ թե տարանջատում, այլ միավորում է տարբեր գաղափարներ դավանողներին:

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ներկայացրեց հանրահավաքում հնչեցվելիք պահանջները: «Անհապաղ հայտարարել ազատ կապուղու մասին, անցկացնել մրցույթ եւ այդ մրցույթում վարկանիշային գնահատականների ժամանակ ներգրավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի մրցույթը լինի իրոք թափանցիկ, իրոք արդար, եւ որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա դրա արդյունքների վերաբերյալ», - ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ հանրահավաքում կանդրադառնան խոսքի ազատությանը, «Ա1+»-ի այսօրվա գործունեությանը, հայաստանյան ժողովրդավարությանը ընդհանրապես:

Կայանալիք երթի եւ հանրահավաքի մասին, որը նախատեսվում էր անցկացնել Ազատության հրապարակում, նախաձեռնող խումբը Երեւանի քաղաքապետին տեղեկացրել էր դեռ մարտի կեսերին: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, սակայն, պատասխանել էր, թե հանրահավաքը թույլատրվում է անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, քանի որ ապրիլի 2-ին Ազատության հրապարակում անցկացվելու է մանկական փառատոն: Իսկ երթը քաղաքի իշխանությունները «նպատակահարմար չեն գտնում»՝ փաստարկելով, թե Երեւանի փողոցները գերծանրաբեռնված են եւ այդ օրը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Լիբանանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը:

Սրանից բխում է, որ ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու է միայն հանրահավաքի ժամանակ: Դա հաստատեց նաեւ՝ վկայակոչելով փաստաթղթերը, նախաձեռնող խմբից իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը ներկա եւ բացակա լրատվամիջոցներին կոչ արեց մասնակցել հանրահավաքին. - «Գոնե մեկ անգամ թող քաջություն ունենան՝ գան-միանան մեզ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG