Մատչելիության հղումներ

Հրանտ Մաթեւոսյան. - «Գրողն ուզում է աշխարհը բերել իր ուզած տեսքին»


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր տեղի ունեցավ Հրանտ Մաթեւոսյանի առաջին հետմահու գրքի շնորհանդեսը: «Սպիտակ թղթի առջեւ» խորագիրը կրող հատորյակը ամփոփում է ժամանակակից մեծագույն հայ արձակագրի հոդվածներն ու ակնարկները:

Ժողովածուն կազմած գրականագետ Ֆելիքս Մելոյանի խոսքերով, ժողովածուն պետք է լույս տեսներ դեռեւս մեծ գրողի կենդանության օրոք՝ 1999 թվականին, բայց դրան խանգարեց հենց Հրանտ Մաթեւոսյանի խստապահանջությունը իր խոսքի, իր գրչի նկատմամբ:

«Երեւի մեղավորը մենք են՝ ես մասնավորապես», - շնորհանդեսի իր խոսքում ասաց Մելոյանը: - «Պիտի ժողովածուն կազմվեր, դրվեր իր առաջ, ինքը մի քիչ կդժգոհեր, կմթրմրթար: Ձեռքը գրքին կտաներ-հետ կբերեր, կպտտվեր շուրջը եւ... վերջը կաներ»:

Գրքում ամփոփված հոդվածներն ու ակնարկները Հրանտ Մաթեւոսյանի գեղարվեստական արձակի շարունակությունն են: «Սպիտակ թղթի առջեւ» ակնարկում Մաթեւոսյանը հարցնում է՝ «գրողն ի՞նչ է անում», ու ինքն էլ պատասխանում է. - «Աշխարհն իր ուզածի պես չէ՝ ուզում է աշխարհը բերել իր ուզած տեսքին: Դա վեր էր ֆաշիզմի ուժից: Բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա... Իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, ունեցածը թանաք՝ նստել եւ ուզում է տեսքի բերել այս աշխարհը...»:

Շնորհանդեսին ներկա էին նաեւ պաշտոնական անձինք: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար Հրանտ Մաթեւոսյանը «մեծ հայ է, հայի տեսակը պահպանող հայ»: Մշակույթի նախարար Թամար Պողոսյանի համար Մաթեւոսյանը «այսօր էլ շատ ավելի կենդանի է, քան շատ կենդանիներ եւ կարողանում է մեզ համար այս հույժ պատասխանատու պահերին իր քաղաքացիական խոսքը ասել»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG