Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը սկսեց հանրահավաքների անցկացմանը վերաբերող օրինագծի քննարկումը


Երկուշաբթի օրը Ազգային ժողովը սկսեց քննարկել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը, որը, ըստ հաստատված ժամանակացույցի, մինչեւ ապրիլի կեսերը խորհրդարանը պիտի ամբողջովին ընդունի:

Այս նախագծի հետ խորհրդարան էր ներկայացվել նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ, որում, հակառակ Եվրախորհրդի հորդորների, 15-օրյա վարչական կալանքը հանված չէ: Սակայն հենց սկզբից հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ այդ վերջինը հետ են կանչում:

«Հանում ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցի վերաբերյալ մեր քննարկումները, որ նախատեսում էինք ավարտել Եվրախորհրդի փորձագետների հետ, չեն հասել իրենց ավարտին», - պարզաբանեց արդարադատության նախարարը՝ ավելացնելով, որ նախագծին կանդրադառնան նշված քննարկումներն ավարտելուց հետո:

Նախարարի պարզաբանումները չհստակեցրին, այդուհանդերձ, թե ինչ նպատակ էր հետապնդում օրինագիծը Ազգային ժողով բերելն ու անմիջապես հետ կանչելը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ճշտեց Դավիթ Հարությունյանը, մինչեւ այդ օրինագծի քննարկումն ու ընդունումը, 15-օրյա վարչական կալանքը Հայաստանում պահպանվում է:

«Այս պահին գործող օրենքով, այո, կիրառելի է», - ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագծին, այստեղ գլխավոր նորամուծությունն այն է, որ օրենքը վերաբերում է յուրաքանչյուր անձի (գործող Սահմանադրությամբ հանրահավաքների հետ կապված իրավունքները վերաբերում են միայն Հայաստանի քաղաքացիներին): Նման միջոցառումների թույլտվություն ստանալու նորմը փոխարինվել է իրազեկման նորմով, թեեւ փոխարենը մտցվել է «արգելված» կամ «չարգելված» տարբերակումը: Առհասարակ այս օրենքի նախագծում աչքի է զարնում «արգելվում է» բառի առատությունը:

Հրապարակային միջոցառումների կազմակերպիչը, ասենք, պարտավոր է անձամբ սկսել այն ու չհեռանալ մինչեւ վերջ, պարտավոր է դադարեցնել միջոցառումը, եթե տեղի են ունենում օրենսդրության խախտումներ:

«Նախատեսված են նաեւ այլ սահմանափակումներ, ինչպես, օրինակ՝ չկրել զենք, կամ՝ չբաժանել ոգելից խմիչքներ եւ այլն», - օրինագիծը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարարը: - «Այն պարագայում, եթե կազմակերպիչները նման քայլեր [օրինագծով նախատեսված խախտումները կանխելու] չեն ձեռնարկում, կամ ձեռնարկում են, բայց հրապարակային միջոցառումը շարունակվում է, երկու անգամ նախապես հայտարարություն տալուց հետո, որ հրապարակային միջոցառումը դադարեցված է, համապատասխան մարմինները իրավասու են հարկադիր կերպով դադարեցնել միջոցառումը»:

Արդարադատության նախարարի փոխանցմամբ, օրինագիծը «հստակ եւ սպառիչ ցանկ է տվել», թե որ դեպքերում է ենթակա դադարեցման հրապարակային միջոցառումը:

«Ինչ վերաբերում է մեխանիզմներին, թե ինչպես են դադարեցվում, կարծում եմ, պետության իրավապահ մարմինները ունեն հնարավոր ձեւեր՝ հարկադիր դադարեցնելու այն միջոցառումը, որը իրականացվում է ապօրինի», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Նախագծի քննարկումը կշարունակվի վաղը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG