Մատչելիության հղումներ

Իշխանական կոալիցիան հանդես է գալիս կոշտ հայտարարությամբ


Իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունները ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որը, թերեւս արձագանք-նախազգուշացում կարելի է որակել արմատական ընդդիմությանը՝ վերջինիս միավորման, աճող ակտիվացման, իշխանափոխության նպատակ հետապնդող «վճռական գործողությունները» սկսելու ժամկետների հստակեցման համապատկերում:

«Կոալիցիան հայտարարում է, որ երկրի սահմանադրական կարգն ու օրինականություն խախտելու փորձերը պետք է կանխվեն իրավասու մարմինների վճռական եւ համարժեք հակազդեցությամբ», - նման կոչով է ավարտվում հայտարարությունը, որի հեղինակները նաեւ պնդում են, թե երկրի «ներքաղաքական կյանքի բնականոն զարգացման համապատկերում վերջին շրջանում հնչում են հայտարարություններ ու կոչեր, որոնց նպատակն է հասարակական կայնքում առկա եւ դեռ չլուծված հիմնախնդիրները օգտագործելու եւ շահարկելու միջոցով հրահրել ժողովրդական հուզումներ եւ այդ ճանապարհով իրականացնել իշխանափոխություն»:

«Այդ հայտարարությանը նույնքան կարող է վերաբերել ընդդիմությանը, նույնքան կարող է վերաբերել մեզ, նույնքան կարող է վերաբերել Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ լինի դիմություն, լինի ընդդիմություն», - միմյանց լրացնելով, լրագրողներին ասացին Գալուստ Սահակյանն ու Լեւոն Մկրտչյանը:

Կոալիցիոն երեք խմբակցությունների՝ ՀՀԿ-ի Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, բավական լարված մթնոլորտում անցած ասուլիսում պնդելով, որ միակարծիք են այս հարցերում, միաժամանակ հերքեցին լուրերը, թե ընդդիմության հետ իշխանափոխության հարցում համագործակցում են:

Հայտարարության մեջ իշխանական կոալիցիան նաեւ համոզմունք է հայտնել, որ «իր ծրագրերի իրականացումն ապահովելու է տեսանելի առաջընթաց յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր ավելի վաղ քննարկել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի նախագիծը, որը տապալվել էր նախորդ գումարման խորհրդարանում: Օրենքը ԱԺ քննարկմանը կներկայացվի արդեն երկուշաբթի, ավելին՝ այն մինչեւ ապրիլի կեսերը խորհրդարանում ամբողջովին ընդունելու ժամանակացույց է հաստատված:

Ընդդիմադիր պատգամավորներից միայն Արշակ Սադոյանն էր մասնակցում քննարկմանը, եւ հանձնաժողովը մերժեց նրա առաջարկը, թե «հաշվի առնելով հասարակական հնչեղությունն ու օրենքում տեղ գտած հակասահմանադրական կետերը՝ հետաձգել օրինագիծը օրակարգում ընդգրկելը»:

Նույն փաթեթում խորհրդարանը քննարկելու է նաեւ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունները, որի շրջանակներում անցած տարի վարչական կալանքի եւ տուգանքների ենթարկվեցին ընդդիմության հանրահավաքների հարյուրավոր ակտիվ մասնակիցներ, ինչը խիստ քննադատվեց միջազգային կազմակերպությունների կողմից: Փոփոխությունները, ինչպես որակեցին հանձնաժողովականները, ավելի մեղմ պատասխանատվություն են սահմանում հանրահավաքների կազմակերպիչների համար:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG