Մատչելիության հղումներ

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցման ծրագիրը ներկայացվել է Լոնդոնի ներդրումային համաժողովում


Օրերս կայացած Լոնդոնի ներդրումային համաժողովում, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, կայացել է Հայատանի լեռնամետալուրգիական խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցման ծրագրի շնորհանդեսը:

Հայաստանի կառավարությունը Քաջարանի կոմբինատի վաճառքից ակնկալում է 450-500 միլիոն դոլարի ներդրում: Կարեն Ճշմարիտյանը, ով նաեւ լեռնամետալուրգիական այդ հսկայի մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է, փոխանցեց, որ Լոնդոնի համաժողովին մասնակցել են 45 մասնավոր ընկերությունների եւ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ։

«Հայաստանը պատրաստ է ընդունել առաջարկները ընկերությունների կողմից, քննարկել դրանք, ըստ էության անցկացնել մրցույթ եւ ընտրել լավագույնին», - ասաց նախարարը:

Ըստ Ճշմարիտյանի, Քաջարանի կոմբինատով հետաքրքրված են մոլիբդենի արտադրության համաշխարհային առաջատար ընկերություններ՝ «Ռիո-Թինթո», «Ֆելբս Դոջ», «Վի-Էյջ-Փի», ինչպես նաեւ ռուսաստանյան խոշորագույն մետալուրգիական հսկաները՝ «Նորիլսկի Նիկել»-ը եւ «Սիբրիրյան ալյումին» խումբը։

Մեկնաբանելով կառավարության որոշումը մասնավորեցնել Քաջարանի կոմբինատը՝ Ճշմարիտյանը դա պայմանավորեց նրանով, որ աշխարհում զգացվող պղնձի եւ մոլիբդենի սպառման ծավալների անկման պայմաններում կոմբինատը շահույթով աշխատեցնելու համար մոլիբդենի թողարկման ծավալները հարկ է ավելացնել 3-5 անգամ՝ հանքաքարի հանույթը տարեկան հասցնելով 40 միլիոն տոննայի։

«Դա միայն խոշոր ներդրողները կարող են անել», - ասաց նախարարը՝ իբրեւ հավելյալ փաստարկ էլ նշելով, թե Քաջարանի կոմբինատը 53 տարվա կենսագրություն ունի, տեխնոլոգիապես հնացած է եւ ժամանակն է նոր կոմբինատ կառուցել։

Կարեն Ճշմարիտյանը փոխանցեց նաեւ, որ նշված ընկերություններից որեւէ մեկը կառավարության հետ Քաջարանի կոմբինատը գնելու նպատակով միանձնյա բանակցություններ վարելու իրավունքը պետք է գնի 20-30 միլիոն դոլար կանխավճար մուծելով Հայաստանի հանրապետության բյուջե։

«Գործարքի կայացման դեպքում այն [կանխավճարը] կգումարվի գործարքի ընդհանուր գումարին, բացասական ելքի դեպքում՝ կվերադարձվի», ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դա միջազգային պրակտիկայում ընդունված գործելաոճ է։

Կարեն Ճշմարիտյանի խոսքեորվ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հավանական գնորդների շարքում է նաեւ ամերիկյան «Քոնսափ Քըմոդիթի» ընկերությունը, որը վերջերս գնել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պարտավորվելով դրա 100 տոկոս բաժնեմասի դիմաց վճարել 600 հազար դոլար, ինչպես նաեւ՝ մեկ տարվա ընթացքում 3,5 միլիոն դոլարի ներդրումներ անել։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG