Մատչելիության հղումներ

Արմեն Մովսիսյանը կներկայացնի իր նոր ձայներիզը


Ապրիլին Երեւանի կամերային երաժշտության տանը Արմեն Մովսիսյանը կներկայացվնի իր նոր՝ «Խելառ իմ երգ» ձայներիզը: Սիրված բարդը իր նոր աշխատանքը արդեն երկու համերգ-շնորհանդեսներով ներկայացրել է Միացյալ Նահանգներում:

Հեղինակային երգը, որ վերջին տարիներին, կարծես, ընկրկում էր ռուսական «պոպսա»-ի եւ ռաբիզի ամենակուլ տարածման առջեւ, երգչի համոզմամբ, չի զիջում դիրքերը եւ ունի իր կայուն ունկնդիրը:

Երկու տասնամյակից ավելի է, ինչ Արմեն Մովսիսյանը, իր իսկ ձեւակերպմամբ, երգում է «լինել-չլինելու, ապրել-չապրելու, արդարության, չարի ու բարի հավերժ կռվի մասին»:

«Չեմ կարծում, որ նույնիսկ շարունակության մեջ նոր անիվ կհնարեմ», - «Մաքսլիբերտի»-ի հետ հարցազրույցում ասաց Մովսիսյանը:

Պատմելով Միացյալ Նահանգներում կայացած համերգների մասին, Մովսիսյանը չցանկացավ առանձնացնել ամերիկահայ եւ հայաստանյան ունկնդիրներին: «Ամերիկահայ համայնքը իր խառնվածքով նման է Հայաստանին», - ասաց նա: - «Մտավորական մասը մնում է համայնքի փոքրամասնություն»:

Հարցին, թե ինչո՞ւ հեղինակային երգի ասպարեզում չի հայտնվում նոր սերունդ, երգիչը պատասխանեց. - «Հեղինակային երգը անհատների ժանր է: Պարագան շատ պարզ է՝ դիմանալ է պետք: Ժանր, որը ի սկզբանե ոչ մեծամասնության ժանր է, հետեւաբար ունի նաեւ շատ ավելի փոքր լսարան, համեմատած այդ քյաբաբախորովածային տրամադրության երգերի հետ: Եթե չկան [երիտասարդ երգիչներ հեղինակայանի երգի ժանրում]՝ ուրեմն իրենք իրենց մեջ կասկածներ ունեն: Իրենք չեն հավատում իրենց արածին»:

Նրա խոսքերով, հեղինակային երգը երբեք դյուրամարս չի եղել. - «Իսկ ինչքա՞ն մարդ է այսօր գիրք կարդում: Սա նույն հարցի բնականոն շարունակությունն է»:

Այդուհանդերձ, Մովսիսյանը համոզմունք հայտնեց, որ ժանրը չի մեռնի: «Վստահ եմ, այսօր էլ կան ուսանողներ, որոնք տանը փակված կիթառով իրենց համար երգում են»:

«Չեմ կարծում, որ հոգին ու միտքը այսօր այնքան է մահացել, որ չկա մեկը, որ իր մեջ չզգա թեւավոր ձիու ճախրանքը, կանչ դեպի աստղերը, չունենա անաղարտ սիրո զգացողությունը: Ուզում եմ հավատալ, որ մենք դինոզավրեր չենք», - զրույցի վերջում ասաց Արմեն Մովսիսյանը:


Սոնա Հակոբջանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG