Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյան. - «Իշխանական բուրգը երերում է»


Հինգշաբթի օրը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, անցած տարվա ընտրություններում նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը ողջունելով արմատական ընդդիմության երկու ուժերի՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության վերջապես ձեռք բերված համաձայնությունը իշխանափոխությանն ուղղված կոնկրետ քայլերի շուրջ, հայտարարեց, որ իր կուսակցությունը նույնպես մասնակցելու է ապրիլին սպասվող իրադարձություններին:

Կարապետյանի խոսքերով, սակայն, «Նոր ժամանակներ»-ը մասնակցելու է ոչ թե որպես կուսակցության, այլ որպես «սովորական քաղաքացիներ»: Կուսակցությունը, անշուշտ, կողմ է իշխանափոխության, բայց ժողովրդին իր հետեւից տանելու կոչ չի անում, քանի որ «պատրաստ չէ դրան»:

Արամ Կարապետյանի համոզմամբ, իշխանափոխություն Հայաստանում անպայման լինելու է եւ՝ «ավելի շուտ, քան սպասում են իշխանությունները»:

Կարապետյանը «ապրիլյան գործողությունների» ժամանակ չի բացառում բախումները, քանի որ տեղեկություններ ունի, որ «իշխանությունների մի հատված պատրաստ է լինելու գնալ ցանկացած քայլի», եւ իշխանությունները ներկայումս ձեռնարկում են «հնարավոր քայլերը»՝ ձախողելու ընդդիմության առաջիկա գործողությունները: Դրանով են պայմանավորված, ըստ Կարապետյանի, նաեւ վերջին կադրային փոփոխությունները ուժային կառույցներում:

«Դրանք [կադրային փոփոխությունները] բխում են նրանից, որ իշխանությունը իրեն նվիրված մարդկանցով փորձում է շրջապատել ուժային կառույցները, որպեսզի դիմագրավի ապագա գործողություններին», - ասաց Արամ Կարապետյանը՝ ավելացնելով, որ իշխանությունների ջանքերը ուղղված են «համակարգը փրկելուն»: - «Դա ցույց է տալիս, որ իշխանական բուրգը երերուն վիճակում է»:

Միաժամանակ, արմատական ընդդիմության առաջիկա գործողություններին հնարավոր բոլոր ճանապարհներով «խոչընդոտելու» մասին այսօր հայտարարեց Միավորված կոմունիստական կուսակցությունը: Կուսակցության նորընտիր քարտուղար Յուրի Մանուկյանը այդ դիրքորոշումը բացատրեց նրանով, որ իրենք դեմ են «երկիրը կործանման տանող քայլերին»:

«Մենք այսօր կանգնած ենք ժողովրդի եւ բախտախնդիրների արանքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը: - «Մեր մարզային, տարածքային կառույցներով ժողովրդի հետ կաշխատենք, եւ նրանք դուրս չեն գա»:

Միավորված կոմկուսը, որի կազմում են Նորացված կոմկուսը, «Կոմունիստական միություն» կուսակցությունը եւ Ինտելեկտուալների միությունը, կողմ է, որ խորհրդարանը լուծարվի, սակայն կտրականապես դեմ է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկմանը:


Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG