Մատչելիության հղումներ

Եվրամիության պատվիրակը Երեւանում քննարկում է «Ավելի ընդարձակ Եվրոպա» ծրագրում Հայաստանի ներգրավման հեռանկարները


Տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով Երեւան ժամանած Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու է «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրին Հայաստանի ներգրավման հեռանկարները:


Նույն առաքելությամբ Տալվիտիեն արդեն եղել է Բաքվում, ուր հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ Վրաստան Եվրամիության ներկայացուցիչը կմեկնի Հայաստանից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հեյկի Թալվիտիեն ասաց, որ Հարավային Կովկասի երկրների՝ նշված ծրագրում ներգրավելու հարցը կլուծվի «հավանաբար գալիք մայիսին կամ հունիսին»:

Երեքշաբթի օրը Թալվիտիեն արդեն հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանի, ինչպես նաեւ Ազգային ժողովի փոխխոսնակներ Տիգրան Թորոսյանի եւ Վահան Հովհաննիսյանի հետ: Վաղը ծրագրված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի, Սահմանադրական դատարանի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահների, ոստիկանապետի, մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Վարդան Օսկայանը եւ Հեյկի Թալվիտիեն, բացի «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում հարավկովկասյան երկրների ներգրավման հեռանկարներից, անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում ձեւավորված իրավիճակին եւ խնդիրներին, տարածաշրջանի զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի առանձնահատկություններին: Վարդան Օսկանյանը նշել է, որ «եվրոպական համատեքստը օգտակար կլինի Հարավային Կովկասում առկա հակամարտությունների շուրջ մթնոլորտը մեղմելու եւ դրանք կարգավորելու գործում»:

Ազգային ժողովում ունեցած հանդիպումներից հետո Հեյկի Թալվիտիեն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ քննարկումները վերաբերել են, մասնավորապես, «Սահմանադրական բարեփոխումներին եւ հանրահավաքներ անցկացմանն առնչվող օրինագծին»:

Կառավարության նախաձեռնությամբ մշակված «ժողովների, հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկացման կարգի մասին» օրենքի նախագիծը արդեն շրջանառության մեջ է խորհրդարանում:

Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, Եվրամիության ներկայացուցիչը «շատ կարեւոր» եւ անհրաժեշտ է համարում այդ օրենքի ընդունումը: «Եվ շատ կարեւոր է, ինչպես իրեն ասվեց, որ այդ օրենքը լիովին պիտի համապատասխանի Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու չափանիշերին», - ավելացրեց Թորոսյանը:

Օրենքի ընդունումը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի հանձնառած պարտավորություններից է, եւ Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, օրինագիծը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձմնաժողով: Վերջինիս եզրակացությունը ակնկալում են ստանալ գալիք ամսվա սկզբին, ինչից հետո արդեն կքննարկվեն արված առաջարկություններն ու դիտողությունները:

Եվրամիությունը իր «Ավելի ընդարձակ Եվրոպա» ծրագրում ընդգկելու մասին որոշում ընդունելուց առաջ ուսումնասիրում է հարավկովկասյան երկրներում ժողովրդավարության աստիճանը, Սահմանադրության եւ առհասարակ օրենսդրական բարեփոխումների ընթացքը, ժողովրդավարության ամրապնդման հնարավորություններն ու իրական հեռանկարները:

«Ակնհայտ է, որ եթե մենք այս փուլը հաջողությամբ չանցնենք, խոսակցությունները Եվրամիության ապագա անդամակցության հետ կապված, լավագույն դեպքում կարելի է բնորոշել որպես բարի ցանկություն: Իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ ուղղակի դատարկախոսություն», - ասաց Տիգրան Թորոսյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG