Մատչելիության հղումներ

Քաղաքական է արդյո՞ք ուսխորհուրդների դերակատարությունը բուհերում


Երիտասարդությունը այսօր ներգրավված է քաղաքակական կուսակցություններում, որոնցից շատերը ունեն իրենց երիտասարդական թեւերը: Վերջիններիս անդամակցողների մեջ քիչ չեն ուսանողները: Եվ ահա այս ուսանողների դիրքորոշումները էապես տարբերվում են քաղաքական կուսակցություններին չանդամակցող ուսանողների դիրքորոշումներից:

«Ես անձամբ ուրախությամբ եմ վերաբերում ցանկացած քաղաքական ակտիվության», - «Մաքսլիբերտի»-ին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդ անդամ Արմենը: - «Քաղաքականացված երիտասարդ՝ նշանակում է այս երկրի ապագայի մասին մտածող երիտասարդ»:

«Բնականաբար, յուրաքանչյուրս կարող են ունենալ մեր քաղաքական նախընտրությունները», - Արմենին հակադարձեց որեւէ կուսակցության չանդամակցող Աղասին: - «Սակայն բուհում մենք պետք է մնանք անաչառ եւ գնահատենք փաստերը արդարացիության տեսակետից»:

«Բուհերում չպետք է տիրի տվյալ քաղաքական ռեժիմի գաղափարախոսությունը», - հավելեց Միհրանը, ով նույնպես կուսակցական չէ:

Անկուսակցական ուսանողներին մտահոգում է այն, որ ուսխորհուրդներում ընդգրկվում են հիմնականում քաղաքականացված երիտասարդներ, հատկապես՝ երբ ուսխորհրդի նախագահը որեւէ կուսակցության անդամ է: Աղասին, օրինակ, «դժբախտություն» է համարում, երբ ուսխորհրդի աշխատանքը կախված է մեկ անհատից (ուսխորհրդի նախագահից):

«Քանի որ կուսակցական ելեւէջներից նման դեպքերում խուսափել չի լինում», - փաստարկեց նա:

Երեւանի պետհամալսարանում, որտեղ սովորում են Աղասին եւ Միհրանը, նոր ուսխորհուրդ է ձեւավորվում եւ, ըստ կանոնադրության, դրա նախագահը չպետք է կուսակցական լինի: Երեւանի մյուս բուհերում, ի դեպ, գլխավորապես կուսակցականներ են ղեկավարում ուսանողական խորհուրդները:

«Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում հստակ նշված են այն պաշտոնները, որոնք զբաղեցնող մարդիկ չեն կարող լինել կուսակցական», - հակադարձեց Արմենը՝ փաստարկելով, թե ԵՊՀ-ում ուսխորհրդի վերջին մի քանի նախագահները անկուսակցականներ են եղել եւ «լավ չեն աշխատել»:


Արման Հակոբյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG