Մատչելիության հղումներ

Հայաստանը նոր պարտավորություններ պիտի ստանձնի, որպեսզի ընդգրկվի «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» քաղաքականության մեջ


Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ այսօր ավարտված 6-րդ նիստում, ի թիվս Հայաստանի ներքաղաքական ու տարածաշրջանային հարցերի, քննարկվել է նաեւ տարեսկզբին Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւի կոչը հարավկովկասյան երեք երկրները ներգրավել «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» քաղաքականության մեջ:

Ինչպես Եվրախորհրդին անդամակցելուց առաջ, այս դեպքում էլ երեք երկրներին ներկայացվելու է նվազագույն պարտավորությունների ցանկ:

Հայաստանի ստանձնելիք պարտավորությունների համար հիմք կարող են հանդիսանալ երկօրյա նիստում քննարկված հարցերը:

«Այդ հիմնարար պահանջների մեջ կմտնեն նաեւ այն հարցերը, որոնց մասին մենք խոսել ենք՝ ժողովրդավարություն, մամուլի ազատություն եւ դրա հետ կապված այլ խնդիրներ», - հանձնաժողովի երկօրյան նիստի ավարտին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը ավելի քան երկու տասնյակ կետերից բաղկացած հայտարարության մեջ մասնավորապես ընդգծել է էլեկտրոնային լրատվամիջոցների բազմակարծության կարեւորության հարցը, տարածաշրջանային համագործակցության վերսկսումը: Հայտարարությունը կոչ է անում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին խթանել եւ պայմաններ ապահովել բարիդրացիական հարաբերությունների ստեղծման ու լարվածությունը լիցքաթափելու համար:

Առաջնահերթ է համարվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Այդ հակամարտությունը, ըստ հայտարարության, հիմնական արգելքներից մեկն է տարածաշրջանային համագործակցություն եւ երկխոսություն վերսկսելու ճանապարհին:

Եվրամիության պատվիրակության ղեկավար Ուրսուլա Շլայխերը ասուլիսում ընդգծեց, որ Հայաստանի պարագայում «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» քաղաքականության մեջ ընդգրկվելը պայմանավորված է եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանի կայունության ամենացավոտ խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Միեւնույն ժամանակ, Շլայխերը վստահություն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկություն ունեն տարածաշրջանում կայունություն հաստատել եւ ընդառաջ գնալ դեպի Եվրոպա, ուստի կկարողանան կամք դրսեւորել այդ խնդիրը կարգավորելու համար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG