Մատչելիության հղումներ

Աֆրիկայում հայ «վարձկանների» ձերբակալման լուրը հաստատվեց


Երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարության աղբյուրները հաստատեցին, որ Հասարակածային Գվինեայում այդ երկրի նախագահին տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքով շաբաթ ձերբակալված երկու տասնյակ օտարերկրացիներից վեցը Հայաստանի քաղաքացիներ են:

Արտգործնախարարության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բոլոր ձերբակալվածները մասնավոր ավիաընկերությունում պայմանագրով աշխատող օդաչուներ են: «Դիվանագիտական խողովակներով արվում է հնարավոր ամեն բան իրավիճակը հստակեցնելու ուղղությամբ», - ասաց նա: - «Այնտեղից ստացվող տեղեկատվությունը մինչեւ այժմ հակասական է եղել»:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, մինչդեռ, անցած շաբաթ հայտարարել էր, թե Երեւանում գրանցված «Տիգա էյր» ավիաընկերության չորս օդաչուներ «Ան-12» ինքնաթիռով առեւտրային չարտերային չվերթներ են իրականացնում Կենտրոնական Աֆրիկայում:

Հայաստանը Աֆրիկայի այդ տարածաշրջանում դիվանագիտական ներկայացուցչություններ չունի, ու հստակ չէ, թե անմիջական կապ հաստատվե՞լ է Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ, թե՞ ոչ: Անցած շաբաթ արտգործնախարարությունից ասել էին, թե արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին ցուցում է տրվել երրորդ երկրների միջոցով կապվել Հասարակածային Գվինեայի եւ աֆրիկյան այլ երկրների դեսպանությունների հետ:

Հասարակածային Գվինեայի իշխանությունները պնդում են, թե հայերը, ինչպես նաեւ ձերբակալված մյուս օտարերկրացիները, որոնց մեջ կան Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի եւ Ղազախստանի քաղաքացիներ, «վարձկաններ» են, ովքեր անցած դեկտեմբերին եկել են այդ երկիր՝ իրականացնելու պետական հեղաշրջում եւ տապալելու նախագահ Թեոդորո Նգուեմային: Ձերբակալված երկու տասնյակ օտարերկրացիները, ըստ տեղի իշխանությունների, երկու օր առաջ Զիմբաբվեում ձերբակալված վարձկանների «առաջապահ ջոկատն» էր: Զիմբաբվեի իշխանությունները Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի գաղտնի ծառայություններին մեղադրում են ծրագրվող գործողություններում ներգրավված լինելու մեջ: Նշված երկրները հերքում են այդ մեղադրանքը:

Երկուշաբթի օրը «Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդել էր, թե Հասարակածային Գվինեայում ազատ արձակված Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Յոհան Էսպագը ասել է, թե ձերբակալվածներին ներկայացված մեղադրանքները «անհեթեթ» են: Նա ավելացրել է, որ ձերբակալվածները օրինականության սահմաններում աշխատող գործարարներ են:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG