Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա թերթերում առանձնացողը թերեւս քրեական ակտիվացումներին առնչվող հրապարակումներն են՝ կապված երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: «Շիրակի մարզի դատախազությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական կեղծիք թույլ տալու համար», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը: Այստեղ հարցազրույց կա նաեւ Գորիսից պատգամավոր Սուրիկ Խաչատրյանի հետ՝ օրերս նրա եղբորորդիների կատարած սպանության առիթով: Իր հասցեին հնչող որոշակի մեղադրանքներին ի պատասխան, Սուրիկ Խաչատրյանը մասնավորապես վստահեցնում է. - «Ես ինքս եմ միջամտում, որ հանցագործություն կատարած որեւէ անձ հանկարծ անպատիժ չմնա։ Եվ եթե անգամ իրավապահները երբեմն փորձում են ինչ-որ գործ կոծկել, գորիսեցիներն իմ դուռն են գալիս, որովհետեւ գիտեն, որ իրենց վերջին փրկությունն իմ կաբինետում է... Նաեւ մի բան գիտեմ, որ երբ մի շաբաթից ավելի Գորիսում չեմ լինում՝ Գորիսում առանց ինձ տխուր է», - ձեւակերպել է պատգամավորը:

Եվ վերջապես, «Հայկական ժամանակ»-ի առաջին էջին շեշտադրված անդրադարձ կա անցած ուրբաթ Երեւանի կենտրոնում՝ «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած փոխհրաձգությամբ բախմանը այն նույն ժամանակ, երբ կողքի «Առագաստ» սրճարանում էին Հայաստանի եւ Վրաստանի նախագահները: Առայժմ առանձնացվում է, որ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է քաղաքաշինության նախարար Արա Արամյանի որդին, իսկ դատախազությունը որեւէ տեղեկություն չի տրամադրում: Երեւանի դատախազությունից «Իրավունք» թերթին ասել են, որ մայրաքաղաքի դատախազը արգելում է քրեական գործով ինֆորմացիա տրամադրելը: «Այդ հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ միջադեպին իրոք մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված անձինք», - բխեցնում է «Իրավունք»-ը, որի ներառմամբ՝ «միջադեպի ակտիվ մասնակիցներից էր նախարար Հովիկ Աբրահամյանի որդին, իսկ տուժողների մեջ էր նախարար Արա Արամյանի որդին»:

«Հայոց աշխարհ» թերթի թղթակցին էլ երեկ ամբողջ օրը դատախազությունից հաջողվել է պարզել ընդամենը, որ դատախազը տեղում չէ: Ինչ վերաբերում է բուն միջադեպին, թղթակիցը ընդգծում է. - «Ամենակարեւորն այն է, որ 5 երիտասարդ Երեւանի կենտրոնում, ոչ շատ ուշ ժամի մարդաշատ վայրում փոխհրաձգություն են սկսել՝ թքած ունենալով թե՛ իրենց, թե՛ շրջապատում գտնվողների կյանքի վրա»։ «Հայոց աշխարհ»-ում միջադեպի պատճառի վարկած կա, թե «հակամարտող» կողմերից մեկը մոտեցել է «Տրիումֆ»-ի տիրոջը եւ սպառնալի արտահայտություններով, իսկ գուցեեւ հրազենի առկայությունը ցուցանելով, պարզորոշ հասկացրել, որ այդ օբյեկտը իրեն պետք է անցնի»։ Օբյեկտի տերն էլ կանչել է իր «տանիքին»: Այս առումով ուշագրավ է «Ազգ» թերթի արձանագրումը, որ «Տրիումֆ» սրճարանը պատկանում է երկրի նախագահի օգնական Արմեն Գեւորգյանին:

«Ռոբերտ Քոչարյանը իր դիրքերն ամրացնելու համար քայլեր է ձեռնարկում բնակչության սոցիալական վիճակին առնչվող դաշտում», - ընթացքից առանձնացնում է այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Միաժամանակ քոչարյանամետ քարոզչամեքենան շարունակում է արտաքին թշնամու կերպարի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ծավալումը. դրան է ծառայում մասնավորապես 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի դեմ անցկացվող միջոցառումների շարքը»: Ընդհանուր առմամբ, ըստ մեկնաբանի, հանգամանքները կարծես թե «խաղում են ի նպաստ ներքաղաքական գործընթացները արագացնողների»: «Հայոց աշխարհ» թերթի տեղեկություններով, «Հանրապետություն» կուսակցության վերնախավը վերջապես որոշել է իշխանափոխության «վճռական գործողությունները» իրականացնել մարտի 28-ին. - «Զուգահեռաբար քննարկվում են պետության բարձրագույն պաշտոնները բաժանելու տարբերակները: Մասնավորապես ասում են, թե ԱԺ նախագահի պաշտոնը խոստացվել է Վիկտոր Դալլաքյանին», - նշում է «Հայոց աշխարհ»-ը՝ սրելով. - «Ամենից հետաքրքիրն այն է, որ այդ դասավորվածության մեջ «Հանրապետության» կողմից որեւէ լուրջ պաշտոն չի վերապահվում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին»:

«Ինչո՞ւ անփորձ ուսանողներին հաջողվեց այն, ինչ ընդդիմության ոչ մի կերպ չի հաջողվում՝ ստիպել իշխանությանը նահանջել: Որովհետեւ», - շեշտադրում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, - «ուսանողների համար իրենց խնդիրն իրոք կենսական-ճակատագրական էր, եւ, ի տարբերություն ընդդիմության, ունեին հստակ դիրքորոշում: Իսկ ընդդիմության առաջարկած այլընտրանքները այսօր էլ մնում են շատ անորոշ»: Մի խոսքով, մեկնաբանի խտացմամբ՝ չի կարելի պնդել, թե նախագահի վաղաժամկետ պաշտոնաթողության դեպքում նրան փոխարինողը անպայման ավելի վատը կլինի. - «Բայց հակառակը պնդել նույնպես չի կարելի: Փոխարենը միանշանակ կարելի է ասել, որ իշխանության վաղաժամ փոփոխությունը որոշակի ռիսկեր է պարունակում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG