Մատչելիության հղումներ

Թաթուլ Մանասերյանը ազատ է արձակվել


Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգում տեղի ունեցած դատավարությունից հետո ազատ է արձակվել Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամ, պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:

«Մարտի 11-ին դատավարություն է եղել եւ նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը: - «Դատարանի որոշման արձանագրությունը, ըստ պարոն Մանասերյանի փաստաբանի, կներկայացվի մինչեւ մարտի 16-ը»:

Մանասերյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին անցած ամիս ասել էր Կալիֆորնիայի նահանգի Սան Բերնարդինո համայնքի շերիֆի խոսնակը, բացի երեխայի առեւանգումից, մեղադրվում էր նաեւ Կալիֆորնիայի քրեական օրենսգրքի 245 հոդվածով՝ «այլ անձի վրա մահացու զենքով կամ մարմնական ծանր վնասվածք հասցնող այլ առարկայով հարձակում գործելու համար»: Հստակ չէր, անշուշտ, թե ինչ հարձակման մասին է խոսքը եւ ում վրա էր հարձակվել Մանասերյանը: Եթե, սակայն, այս մեղադրանքները ապացուցվեին, Մանասերյանին կարող է սպասել մինչեւ 4 տարվա ազատազրկում:

Դատաքննությունը նախապես նշանակված էր մարտի 23-ին, սակայն մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ամերիկյան բանտում ագրեսիա էր իրականացվել Թաթուլ Մանասերյանի նկատմամբ, ինչի հետեւանքով վերջինս թեթեւ մարմնական վնասվածք էր ստացել, դատական իշխանությունները որոշել էին ավելի վաղ անցկացնել նիստը:

Ինչ-որ խնդիր, այդուհանդերձ, դեռեւս լուծված չէ՝ կապված Միացյալ Նահանգների ներգաղթային ռեժիմի խախտման հետ: «Որոշ առումով, դա մի քիչ աբսուրտի հասնող մի բան է», - ասաց Գասպարյանը՝ այնուամենայնիվ ավելացնելով. - «Դա իրենց օրենքներն են: Եվ դրա վերաբերյալ ամերիկյան դատական իշխանությունները պետք է որոշում կայացնեն»:

Գասպարյանի խոսքերով, ինչպես նշված հարցով, այնպես էլ մարտի 7-ին տեղի ունեցած ագրեսիայի հարցով արտգործնախարար Օսկանյանը օրերս կրկին դիմել էր ԱՄՆ պետդեպարտամենտին՝ Մանասերյանի վիճակը թեթեւացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու խնդրանքով:

«Մեր հյուպատոսությունը նույնպես կրկին դիմել է ամերիկյան իշխանություններին, որպեսզի, եթե հնարավոր է, պարոն Մանասերյանը չտեղափոխվի Վաշինգտոն: Նա պատրաստակամ կերպով կարող է ներկայանալ Լոս Անջելեսի ներգաղթային ծառայություն», - ասաց արտգործնախարարության խոսնակը՝ հույս հայտնեց, որ այս հարցերը դրական լուծում կստանան:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյը այսօր ընդունել է Թաթուլ Մանասերյանի հարազատներին, ովքեր նույն խնդրանքով դիմել էին դեսպանին: Մանասերյանի կնոջ՝ Իրինայի խոսքերով, Ջոն Օրդուեյը ասել է, թե առաջացած պրոբլեմը «հեշտությամբ եւ արագ» կարող էր հարթել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը: Տիկին Իրինան կարծում է, որ Հայաստանի դեսպանությունը պատշաճ հոգածությամբ չի զբաղվել իր ամուսնու հարցով:

Համլետ Գասպարյանը, սակայն, ասաց, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը «ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները»:

Տիկին Իրինայի փոխանցմամբ, Թաթուլ Մանասերյանը ազատ է արձակվել ու ներկայումս բուժման կուրս է անցնում հիվանդանոցում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG