Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայում այսուհետ կբանտարկեն փողոցում համբուրվողներին


Աշխարհի ամենամեծ թվով մահմեդական բնակչությամբ երկրի՝ Ինդոնեզիայի խորհրդարանը ընդունել է «Հակապոռնոգրաֆիկ տուգանքների մասին» մի օրենք, որով փողոցում կամ հասարակական այլ վայրում կրքոտ համբուրվելու համար նախատեսվում է 5 տարվա բանտարկություն կամ 29 հազար ամերիկյան դոլարի չափով տուգանք:

Օրինագիծը խորհրդարանին ներկայացրած պատգամավորը ասել է, թե պետք է «հարգել դարերով սահմանված ավանդույթները»:

Նոր օրենքը տուգանքներ կամ ազատազրկում է սահմանում նաեւ հասարակական վայրերում մերկ հայտնվելու, «էրոտիկ պարերի» եւ «սեքսուալ բնույթի խնջույքների» համար: Վերջին հանցանքի համար նախատեսված է 3-10 տարվա ազատազրկում:

Իսկ նրանք, ովքեր կնայեն հասարակական վայրերում մերկ հայտնվողներին, «էրոտիկ պարեր» պարողներին կամ «սեքսուալ բնույթի խնջույքնի» մասնակիցներին, ըստ նոր ընդունված օրենքի, կազատազրկվեն «ընդամենը» երկու տարով:

Ինդոնեզիայի իշխանությունները, ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ, դարերով գնահատված «բարձր բարոյական չափանիշերը» պահպանելու անհրաժեշտությունը փաստարկելով, ծրագրում են ստուգայց անցկացնել Բաթամ կղզում: Նպատակը միասին ապրող, բայց օրինական կարգով չամուսնացած զույգերի հայտնաբերումն է: «Օրինախախտներին» սպառնում է տուգանք՝ 600 դոլարի չափով:

«Մեր երկրում հարգվում են արեւելյան ավանդույթներն ու բարձր բարոյական չափանիշերը: Մենք չենք ուզում նմանվել արեւմտյան երկրներին», - ասել է ինդոնեզական իշխանությունների ներկայացուցիչը:


Սոնա Հակոբջանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG