Մատչելիության հղումներ

Առավել շահութաբեր շուկաները Հայաստանում գերկենտրոնացված են


«Մրցակցություն կա, սակայն, անբարեխիղճ մրցակցության եւ գերիշխող դիրքի չարաշահումներն էլ քիչ չեն», - հայաստանյան շուկան այսպես գնահատեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը՝ չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը անցած տարվա ընթացքում:

«Եթե մենք խոսում ենք անբարեխիղճ մրցակցության մասին, ապա այստեղ է դաշտը անսահման մեծ է», - ասաց Փիրումյանը:

Հանձնաժողովը 2003 թվականին ուսումնասիրել է առավել մեծ հետաքրքրություն ունեցող այն 13 ապրանքային շուկաները, որոնք կենտրոնացվածության բարձր աստիճան ունեն՝ երբ շուկայի այդ հատվածի առավել խոշոր երեք ընկերությունների վաճառքի ծավալը կազմում է ընդհանուր վաճառքի առնվազն 70 տոկոսը։ Խոսքը, մասնավորապես, բենզինի ու դիզվառելիքի, շաքարավազի, ծխախոտի, գարեջրի, պարարտանյութերի, պաղպաղակի, հեռուստագովազդի ու մի շարք այլ շուկաների մասին է։

Ամենաարտառոցը այստեղ շաքարավազի շուկան է. այն պատկանում է մեկ գործարարի, ու դասական իմաստով այն շուկա կոչելն անգամ պայմանական է: Շաքարավազի ներկրման 95 տոկոսն իրականացնում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղացոլք» ընկերությունը։ Շաքարավազի մնացած 5 տոկոսը ներկրում են «Կոկա-կոլա», «Գրանդ քենդի», ու մի քանի այլ մանր ընկերություններ, որոնք ներկրածն օգտագործում են իբրեւ սեփական արտադրության հումք։

Ֆելիքս Փիրումյանը վստահեցրեց, հանձնաժողովը որեւէ փաստ չի հայտնաբերել, թե նման կացությունը հանգեցրել է շաքարավազի բարձր գների:

«Վերջին չորս տարվա ընթացքում գնային առումով որեւէ փոփոխություն չի եղել», - ասա նա: - «Նա [«Աստղացոլք»-ը] աշխատում է պրակտիկորեն օրենսդրության հստակ դաշտում»:

Ըստ հանձնաժողովի դիտարկումների, հայաստանյան բենզինի շուկայի առավել խոշոր երեք ընկերությունները տնօրինում են վաճառքի 60 եւ դիզվառելիքի վաճառքի 70 տոկոսը: Նույն իրավիճակն է ֆիլտրով ծխախոտի (առավել խոշոր երեք ընկերությունները տնօրինում են 82 տոկոսը), գարեջրի (96 տոկոսը), տոմատի մածուկի (95 տոլոսը) եւ ազոտական պարարտանյութերի (96 տոկոսը) շուկաներում։ Ընդ որում, այս շուկաներում կենտրոնացվածության աստիճանը վերջին տարվա ընթացքում բարձրացել է։

Ֆելիքս Փիրումյանն այսօր հերքեց պնդումները, թե վերջին շրջանում հացի թանկացումը կապվում է այստեղ եւս մենաշնորհի առկայության հետ:

«Պաշտոնապես հայտնում եմ՝ մենք այստեղ գերիխող դիրք ունեցող սուբյեկտ չունենք», - ասաց նա՝ փոխանցելով, որ ցորենի ներկրմամբ ու վաճառքով զբաղվում են 19 ընկերություններ: Առաջատարը այստեղ դարձյալ «Աստղացոլք» ընկերությունն է, որին, սակայն, բաժին է ընկնում ցորենի վաճառքի 24 տոկոսը, մինչդեռ, օրենսդրությամբ գերիշխող է համարվում այն ընկերությունը, որին բաժին է ընկնում շուկայի առնվազն մեկ երրորդը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG