Մատչելիության հղումներ

Նշվեց սումգայիթյան սպանդի 16-րդ տարելիցը


Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988-ին հայկական ջարդի զոհերի հիշատակը ոգեկոչելու էին եկել Ծիծեռնակաբերդ: Մտավորականության, ուսանողության, քաղաքական ուժերի ներկայացուցիչների սգո հանրահավաքը ընդունեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված ուղերձ:

Սումգայիթյան ոճրի նկարագրությունն ու գնահատականները ամփոփող այդ փաստաթուղթը մեկ անգամ եւս ընդգծում է, որ ահավոր հանցագործությունը կատարվել էր ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ, եւ մինչեւ հիմա չեն դադարում եղածը նենգափոխելու փորձերը:

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում սկսված խաղաղ հանրահավաքների, ուր ժողովուրդը Հայաստանի հետ միավորվելու իր ցանկությունն էր արտահայտում, Ադրբեջանում Սումգայիթից սկսվեցին հայկական ջանդերը՝ այստեղ միայն հայ լինելու համար սպանվեց 29 մարդ: Խորհրդային դատարանը բազմահազար ջարդարարներից պատասխանատվության ենթարկեց ընդամենը 94 մարդու:

Հանրահավաքի ելույթներում նշվեց, որ սումգայիթյան ոճիռը չի ստացել անհրաժեշտ միջազգային հնչեղություն: «Քաղաքականության մեջ կրավորականը վատ խորհրդատու է», - ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: - «Եվ եթե այդպես շարունակենք գործել բանակցություններում, մեզ կրկին սպասում է թղթե շերեփի հեռանկարը»:

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը իր խոսքում ասաց, թե Սումգայիթի զոհերի հիշատակը պարտավորեցնում է մշտապես լինել զգոն եւ արթուր: «Մեր հարեւանը չի փոխվում, եւ դա ուղղակի նշանակում է, որ վտանգը նույն ծավալների է, որ եղել է դարեր շարունակ», - ասաց Ռուստամյանը: - «Չտված մեզ [անվտանգության] երաշխիքներ՝ խոսել ինչ-որ զիջումների մասին, անիմաստ է այսօր: Եթե դա չեն արել, ապա մեզ չեն կարող որեւէ բան պարտադրել կամ որեւէ հաշտության, այսպես կոչված, բանաձեւեր մեզ ներկայացնել»:

Իսկ այդ երաշխիքները, ըստ նրա, տրված չեն: Ռուստամյանը վկայակոչեց անցած շաբաթ Բուդապեշտում ադրբեջանցու կողմից հայ սպայի գազանաբարո սպանությունը. - «Մենք չունենք երաշխիքը, որ Գուրգենի նման մյուսներն էլ չեն կացնահարվի»:

Մինչեւ սքո հանրահավաքը Ծիծեռնակաբերդ էին այցելել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, ուղղակի ցույց տվեց, որ հայ լինելը եւ Ադրբեջանում ապրելը անվտանգ չէր, եւ այն փաստը, որ Ղարաբաղում խաղաղ միտինգների արձագանքը 88 թվին եղան սումգայիթյան ջարդերը, համոզեցին Ղարաբաղում մեզ բոլորիս, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը լինել ուղղակի չի կարող», - լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ դա այնպիսի ազդեցություն ունեցավ, որ ժողովուրդ ավելի վճռական դարձավ անկախության համար իր պայքարում:

Նախագահի խոսքերով, ժամանակին սումգայիթյան դեպքերին հնչեղություն տալու նպատակով աշխատանք, անշուշտ, կատարվել է, սակայն, քանի որ դա տեղի էր ունենում փակ երկրի՝ Խորհրդային Միության պայմաններում, ոճրագործությունը չստացավ անհրաժեշտ միջազգային հնչեղություն:

«Այդ բնույթի հանցագործությունը ցեղասպանություն է», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով ադրբեջանական կողմից պարբերաբար լսվող ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Չէի կապի ուղղակի ռազմատենչ հայտարարությունները պատերազմի հնարավոր վերսկսման հետ: Պատերազմի վերսկսումը, քանի դեռ հարցը կարգավորված չէ, տեսականորեն հնարավոր է, բայց ավելի շատ կապված է ուժերի հավասարակշռության հետ տարածաշրջանում: Այդ առումով, մեր հույսերը պետք է կապենք, առաջին հերթին, մեր ներքաղաքական կայունություն հետ, մեր երկրի ամրության հետ եւ մեր բանակի մարտունակության հետ»:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի սքո հանրահավաքին թեեւ չէին մասնակցում, սակայն իրենց կազմակերպած հանրահավաքներում մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան սպանդի զոհերի, ինչպես նաեւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հիշատակը: «Արդարություն» դաշինքը այսօր հանրահավաք էր անցկացնում Արտաշատում, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում:

«Հանրապետություն» կուսակցութան ղեկավար Արամ Սարգսյանը, ով հայտարարել էր, թե հանրահավաքում ելույթ է ունենալու միայն վճռական կոչով ժողովրդին դիմելու համար, թեեւ այսօրվա իր ելույթում այդ վճռական կոչը չարեց, այդուհանդերձ, ասաց, որ այն կարվի մարտ ամսվա ընթացքում:

«Այդ կոչը լինելու է, ժողովուրդ», - ասաց նա: - «Ես ձեզ անձամբ եմ խոստանում: Ես խոստանում եմ, որ եթե չլինի, մենակ եմ անելու: Բայց հավաքվելու ենք միանշանակ, եւ այս իշխանությունները պիտի գնան»:


Արմեն Զաքարյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG