Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը «անհեթեթ զրպարտանք է» որակում ռուսաստանյան թերթի հրապարակումը


Հայաստանի պատշպանության նախարար, երկրի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը կտրականապես հերքեց Մոսկվայում լույս տեսնող «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ անցած շաբաթավերջի հրապարակումը, թե ինքը Ռուսաստանի իշխանություններից խնդրել է ներքաղաքական անկայունության դեպքում Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորամիավորումների օգնությունը:

«Չորրորդ օրն է պաշտպանության նախարարը լռում է: Եթե այդ արարքը կայացել է, ապա այդ արարքի մեջ կան պետական դավաճանության տարրեր: Պաշտպանության նախարարը պարտավոր էր կամ հերքել, կամ ընդհանրապես որեւէ բացատրություն տալ», - երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել էր «Արդարություն» դաշինքի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: - «Եթե պաշտպանության նախարարը չի արձագանքելու, դա նշանակում է, որ հանրապետության գլխավոր դատախազությունը պարտավոր է քննություն կատարել եւ պարզաբանումներ պահանջել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարից»:

«Զրպարտանքը այնքան անհեթեթ է, որ ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարել դրան պատասխանել», - խորհրդարանում պատասխանելով անկախ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հարցադրմանը, ասաց պաշտպանության նախարարը: - «Ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ երեկ հնչել է այս դահլիճում՝ որ այդպիսի քայլը դավաճանություն է: Դավաճանություն է նաեւ այն, որ մեր հանրապետության որոշ քաղաքացիներ շրջում են երկրե-երկիր, կազմակերպությունից կազմակերպություն եւ ծնկաչոք աղաչում են գալ, միասին տապալել Հայաստանի իշխանությունները»:

Նախարարը չպարզաբանեց, թե կոնկրետ ում նկատի ունի:

Խուդաբաշյանը նախարարին հարց էր ուղղել նաեւ, թե արդյո՞ք իսկապես անցած տարվա նախագահական ընտրություններից հետո տարբեր վայրերից Երեւան են բերվել հատուկ նշանակության ջոկատներ՝ «հանրահավաքները կանխելու եւ հարկ եղած դեպքում ցուցարարների վրա կրակելու» նպատակով:

«Նախագահական ընտրություններից հետո ո'չ Ղարաբաղից, ո'չ Տավուշից, ո'չ Սյունիքից, ո'չ Գորիսից եւ ոչ էլ որեւէ տեղից զորք Երեւան չի բերվել», - հավաստիացրեց նախարարը՝ շարունակելով: - «Կրակել ժողովրդի վրա» բառակապակցությունը ինձ համար անհասկանալի է, որովհետեւ ինձ համար ժողովուրդը այն երկու, երեք, հինգ, տասը հազարը կամ նույնիսկ երեսուն հազարը չեն, այլ երեք միլիոնն են, որ զբաղվում են իրենց գործով, հող են մշակում, երեխա են կրթում, արտադրությունում են աշխատում, գիրք են գրում: Ժողովուրդը երեք միլիոնն է»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG