Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին կասկածյալն ու վկան դեռ մինչեւ դատավարության ավարտը մեկնել էր Միացյալ Նահանգներ


Ինչպես պարզվեց չորեքշաբթի օրը, «Հոկտեմբերի 27»-ի գործով եւ անջատված մասով նախկին կասկածյալ եւ վկա, լրագրող Նաիրի Բադալյանը դեռեւս անցած տարվա հոկտեմբերի 19-ից Հայաստանում չէ:

Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հայտարարեց, որ երկու օր առաջ ստացել է անցած տարվա հոկտեմբերի 2-ին գլխավոր դատախազության քննչական խմբին ներկայացրած իր միջնորդության պատասխանը, որով խնդրել էր Ազգային ժողովի շենքում քննչական փորձարարություն անցկացնել՝ ստուգելու վկա Նաիրի Բադալյանի ցուցմունքների ճշտությունը: Պաշտոնական գրությամբ տեղեկացվում է, որ քննչական փորձարարությունը չի կատարվել եւ հնարավոր չէ կատարել «Նաիրի Բադալյանի բացակայության պատճառով», ով դեռեւս հոկտեմբերի 19-ին «անորոշ ժամանակով մեկնել է Հայաստանից»:

Բադալյանի Հայաստանից մեկնելու փաստը հաստատել է նաեւ քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, Նաիրի Բադալյանը Միացյալ Նահանգներ է մեկնել Նյու Յորքի քաղաքագիտության ակադեմիայում սովորելու նպատակով:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքում Նաիրի Բադալյանի հարցաքննությունից եւ ցուցմունքներ տալուց հետո Աշոտ Սարգսյանը դատարանին խնդրել էր միջնորդել գլխավոր դատախազությանը՝ պատասխանատվության ենթարկել Բադալյանին՝ «սուտ ցուցմունքներ տալու համար»: Եվ հենց դատարանի դահլիճում դատավոր Սամվել Ուզունյանը զգուշացրել էր վկային, որ նա իրավունք չունի առանց դատարանի թույլտվության փոխելու նույնիսկ Երեւանում իր հասցեն (իսկ հոկտեմբերի 19-ին Բադալյանը դեռ դատարանում վկայի կարգավիճակում էր):

Գլխավոր դատախազության քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, սակայն, թե քննչական խումբն իրավունք չունի սահմանափակելու վկայի տեղաշարժը:

Աշոտ Սարգսյանը, մինչդեռ, համոզված է, որ Նաիրի Բադալյանն առանց օժանդակության չէր կարող մեկնել Միացյալ Նահանգներ:

«Ես համոզված եմ, որ եղել է իշխանության միջամտություն», - հայտարարեց Սարգսյանը:

Աշոտ Սարգսյանը ասուլիսում հայտարարեց նաեւ, որ մինչեւ վերջ հետամուտ են լինելու քրեական գործի լիարժեք բացահայտմանը:

Նաիրի Բադալյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով վկաներից առաջինը չէ, որ այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ են նաեւ 1999 թվականին խորհրդարանի լրատվական ծառայության ղեկավարը, ում տված անձագրերով էին հանցագործները մտել խորհրդարանի շենք, խորհրդարանի բուժքույրը, ով առաջինն էր զննել սպանվածների մարմինները, ինչպես նաեւ լրագրող Տիգրան Նազարյանը, ով հոկտեմբերի 27-ի գիշերը բանակցություններ էր վարել հանցագործների հետ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG