Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի պատկերավորմամբ, փետրվարի սկզբից ինչ-որ մի «անտեսանելի ձեռք» Հայաստանում շարունակաբար փորձում է ներխորհրդարանական, ներիշխանական, ներքաղաքական եւ այլ ճգնաժամեր հրահրել, բայց հասարակության ներսում որեւէ պատասխան ռեակցիայի չարժանանալով՝ ասպարեզ է բերում մեկը մյուսից ավելի տարօրինակ «խոսնակներ»։ Մեկնաբանի հայացքով, սակայն, վստահության հանրաքվեի կազմակերպման խնդիրը, որը ընդդիմությունը դարձրել է իր սեւեռուն նպատակը, ներկայումս որեւէ ձեւով չի արժանանում ժողովրդի ոչ միայն մեծամասնության, այլեւ անգամ փոքրամասնության ուշադրությանը. - «Ազգային ժողովում բոյկոտը ավելի շատ ուղղված է արտաքին աշխարհին եւ նպատակ ունի հրահրել եվրոպական կառույցների միջամտությունը: Բայց քանի որ «եվրոպական դեմարշը» նույնպես անարձագանք է մնում, ապա արմատականներին մնում է Հայաստանի մարզերը չափչփելու եւ ժամանակ շահելու մարտավարությունը: Այսպիսով», - ի մի է բերել «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, - «մենք գործ ունենք Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները փոխելու համար դրսից հրահրվող, սակայն երկրի ներսում որեւէ լուրջ հենարան ու հիմք չունեցող «ճգնաժամի» հիրավի դասական իմիտացիայի հետ»:

«Կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ քաղաքական ճգնաժամ մեզանում չկա: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ընդդիմության բացակայությունից խորհրդարանում առաջացած անհանգստությունը եւ ընդդիմությանը վերադարձնելու փորձերը». «Հայոց աշխարհ»-ի թղթակցի այս հարցին Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Ճգնաժամի մասին թեզը, առհասարակ, շրջանառության մեջ դրեց հենց ընդդիմությունը՝ այդ համատեքստում որակելով սեփական գործողությունները: Նպատակը սկզբունքորեն հասկանալի է՝ կենտրոնանալ սոցիալական բազում խնդիրներ ունեցող ընտրազանգվածին փողոց դուրս բերելու վրա: Բայց մյուս կողմից, եթե նայենք առաջարկվող «այլընտրանքին», ապա ընդդիմությունը այդ իմաստով ոչինչ չի ներկայացնում: Խոսվում է միայն հրատապ իշխանափոխության մասին»: «Կոալիցիայի ներսում չե՞ք տեսնում խմորումներ, որոնք կարող են հանգեցնել պառակտման» հարցին Գալուստ Սահակյանը դեռեւս արձագանքում է. - «ՀՅԴ Ընդհանուր ժողովի բացմանը Հրանտ Մարգարյանի ելույթից հետո սկսվեցին այս կարգի խոսակցություններն ու շահարկումները: Բայց քանի դեռ ՀՅԴ-ն չի ներկայացրել իր բանաձեւերը հետագա տարիների քաղաքական գծի վերաբերյալ, կարծում եմ, կարիք չկա հեռուն գնացող հետեւություններ անել»:

«Դաշնակցության Ընդհանուր ժողովի բացմանը Հրանտ Մարգարյանի ելույթից հետո Հանրապետական կուսակցության, վարչապետի ցասումը կարելի է հասկանալ», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Իրոք վիրավորական է, երբ որպես քավության նոխազ են ընտրում մեկին այն դեպքում, երբ թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններում, այսպես ասած, «կեղծեցին միասին»: Բոլորս ենք հիշում, թե ինչպես նրան «օգնեցին» նախագահական ընտրությունների դեռեւս առաջին փուլի ժամանակ, որի տարելիցն, ի դեպ, լրանում է վաղը»: «Արդարացնելով մեկ տարի առաջ տեղի ունեցած վայրագությունները, բոլոր այդ կուսակցություններն ու անձինք պարարտ հող ստեղծեցին, որ նույնը կատարվի նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ճիշտ է, այդ ընտրություններից հետո ընտրախախտումներն արդարացնել շատերն այլեւս չփորձեցին, քանի որ տուժողների երկար ցանկում նաեւ իրենք էին: Այնպես որ, այստեղ արդարներ որոնելը տեղին չէ: Իրար արժանի են», - եզրափակում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է սեւեռում. - «ՀՅԴ բյուրոն դաշնակցության ամենավերին օղակն է, եւ խիստ տարօրինակ է, որ մոտ ութսուն տոկոսով օտարերկրյա ղեկավար մարմին ընտրած Ընդհանուր ժողովն առնվազն մի քանի օր քննարկել է Հայաստանի ներքաղաքական կյանքին ու ներիշխանական հարաբերություններին վերաբերող հարցեր»: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ներքաղաքական ընթացքին, «Հայկական ժամանակ»-ում ներկայացվող վերլուծականում խտացված է. - «Հայաստանում իշխանության եւ ընդդիմության պայքարը կարելի է որակել որպես գաղափարաբանությունից եւ սկզբունքից զուրկ երկու զանգվածների բախում: Եվ այդ բախման մեջ, բնականաբար, հաղթում է նա, ով առավել քաջ է եւ վճռական: Ռոբերտ Քոչարյանը մեծ ինտելեկտուալ չէ, բայց նա մի բան հասկանում է, հասկանում է, որ ինքը զբաղված է քաղաքականությամբ, իսկ զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է՝ պատրաստ լինել ցանկացած հարվածի: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է քաղաքական հակառակորդին դրդել իր դեմ ուղղված ցանկացած քայլի, այն հաշվարկով, որ եթե հակառակորդի այդ քայլը չստացվեց կամ հակառակորդը չգնաց նման քայլի, ինքը հաղթում է անվերապահորեն: Քոչարյանը ունի մենթալիտետ, թեկուզ` հայաստանցիների համար անհասկանալի եւ անընդունելի: Հենց այդ մենթալիտետով է նա լցնում քաղաքական սկզբունքների իր վակուումը, տղայական, արեւելյան արժեքներ է ներմուծում քաղաքական կյանք, իր համար ստեղծում է ինչ-որ անհասկանալի արժեքային համակարգ, հավատում այդ արժեքների ճշմարտացիությանը ու այդ համակարգը համարում պաշտպանության արժանի: Իհարկե, հասկանալի է, որ արժեքային այդ համակարգը 21-րդ դարում երկար գոյատեւել եւ առավելեւս՝ առողջ բանականության համար ընդունելի լինել չի կարող: Բայց Ռոբերտ Քոչարյանը իրեն թույլ չի տալիս կասկածել անգամ սեփական ճշմարտացիությանը, քանի որ հասկանում է՝ դրա վրա է կառուցված իր իշխանությունը»:

Ավելի առարկայական արժեքային համակարգի անկում է փաստագրում «Ազգ» թերթը՝ «Դոլարի արժեզրկումը բերեց Հայաստանի աղքատացման» վերնագրի տակ բերելով մասնագետների գնահատականը, որ եվրոյի արժեվորումը բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա, որովհետեւ այն դոլարիզացված է, նկատելի արժեզրկվել են եւ խնայողությունները: Կանխատեսվում է, որ առաջիկայում իրավիճակը կկարգավորվի: Թե որոշակ երբ ու ինչքանով՝ պարզ չէ: Ամեն դեպքում, եւս մեկ արժեքի հանդեպ հավատ, կարծես անվերադարձ կորչում է:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG