Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Շատ ձանձրալի եւ անպտուղ գործ է ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի հետ փոխհարաբերությունների շուրջ Ադրբեջանի ղեկավարների կարծիքները մեկնաբանելը», - հայ լրագրողների ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հեռուստակամրջին է անդրադառնում «Առավոտ» թերթը՝ շարունակելով. - «Միջազգային հովանավորները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նման հեռուստակամուրջների կազմակերպման համար զուր են գումարներ վատնում: Հասկանալի է, որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր ճառերով պիտի փորձի հիպնոզել հայ լրագրողներին եւ ինքն իրեն՝ Ադրբեջանի աննախադեպ տնտեսական աճի տեսլականով եւ զրույցներով, թե ինչպես ղարաբաղյան խնդրի կարգավորումն Ադրբեջանի համար շատ շուտով մեկից մեկ է լինելու: Քանի որ, Ադրբեջանի տնտեսությունից անհամեմատ թույլ տնտեսություն ունեցող Հայաստանը վաղ թե ուշ ինքն է ընկնելու ադրբեջանցիների ոտքերը», - ուրվագծում է «Առավոտ»-ը: - «Մնում է ընդամենը համոզել հայերին, որ Ադրբեջանը նույնպես դասվում է բարգավաճող գերտերությունների շարքին: Սակայն հենց դա է խնդրի ամենաբարդ մասը: Թեկուզ այն պատճառով, որ անդադար խոսելով սեփական հզորության մասին, Ադրբեջանը չի դադարում լաց լինել»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարին զեկույցներ պատրաստեց Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ, երկու դեպքում էլ առկա էին Ղարաբաղի մասին տհաճ ձեւակերպումներ։ Ստացվում է, որ նախքան Ղարաբաղի հարցով զեկուցող Դեւիսի այցը խորհրդարանական վեհաժողովը կայացրել է դատավճիռ. այս հարցադրմանը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը «Ազգ» թերթում արձագանքում է. - «Այս պահին գնահատականների կարիք չկա։ Ինչ վերաբերում է հնարավոր քայլերին, չեմ ուզում ենթադրություններ անել, պարզապես ճիշտ կլինի, որ այս կառույցներում ընդգրկված մեր պատվիրակությունները կարողանային եվրոպական կառույցներում ներկայացված շրջանակներին հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի էությունն ու առանձնահատկությունները»։ «ԼՂ հարցի էության եւ առանձնահատկությունների մասին Հայաստանում, այդ թվում՝ պաշտոնական շրջանակներում չկա հստակ դիրքորոշում։ Այսօրվա դրությամբ ԼՂ հարցի առնչությամբ ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի համար ընդունելի մոտեցումը» հարցին ի պատասխան Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը սահմանել է. - «Ղարաբաղյան շարժման հենց սկզբից հստակ ասվել է, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության ինքնորոշման խնդիրն է»։

«Ժողովուրդը մնաց փշալարերին, իսկ նախագահը՝ տուրնիկին» վերնագրի տակ խտացնելով իրադարձությունների ընթացքը` «Իրավունք» թերթի մեկնաբանն այսօր նշում է. - «2004-ի փետրվարը բավականին նմանություններ ունի 2003 փետրվարի հետ. ե'ւ «Ազգային միաբանություն»-ը, ե'ւ «Արդարություն»-ը մարզերում բնակչության հետ հանդիպումներ են անցկացնում, որոնք շատ են նման ընտրարշավի... Ընտրարշավային վարքագիծ են դրսեւորում նաեւ իշխանամետ ուժերը: Իշխանության հսկողության տակ գտնվող լրատվական դաշտն էլ ակտիվորեն վարկաբեկում է ընդդիմությանը»: Բայց իրականում ինչո՞ւ է անհանգստացած իշխանությունը, եթե ընդդիմությունը ընդամենը բոյկոտում է Ազգային ժողովի աշխատանքները եւ հանդիպումներ կազմակերպում բնակչության հետ, այսինքն՝ չի դիմում ինչ-որ արտառոց քայլերի: Մեկնաբանի մատնանշմամբ՝ դրա պատասխանն այն է, որ եթե ընդդիմությունը չվերադառնա խորհրդարան, ապա դա պայմաններ կստեղծվի իշխանության պառակտման համար. - «Արդեն իսկ կան նախանշաններ, որ իշխանական ճամբարը պառակտվում է»:

Փոխանցելով, որ Դաշնակցության ընդհանուր ժողովի տեւողությունը երկարաձգվել է՝ «Հայկական ժամանակ» թերթը հավելում է. - «Դա անուղղակի վկայություն է, որ ՀՅԴ ներսում ինչ-որ հակասություններ կան: Մեր տեղեկությունների համաձայն, Ընդհանուր ժողովի մասնակիցները հակասություններ ունեն բանաձեւի վերջնական տեքստի շուրջ: Մասնավորապես, նրանց մի մասը պնդում է, որ բանաձեւի ներքաղաքական իրավիճակին վերաբերող մասում պետք է արտացոլվեն Ընդհանուր ժողովի բացման ժամանակ Հրանտ Մարգարյանի արտահայտած տեսակետները, իսկ մյուս մասը կարծում է, որ այդ գնահատականները որոշակիորեն պետք է մեղմել, այլապես անհնար կդառնա համագործակցությունը իշխանական կոալիցիայի մյուս ուժերի հետ»: «Միակ հարցը, որ ՀՅԴ ներսում տարակարծությունների տեղիք չի տալիս՝ Ղարաբաղի հարցի կարգավորման Դաշնակցության սկզբունքներն են», - ամրագրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Արմատականներին հաջողվեց անցած հանգստյան օրերին եթերն օգտագործել այնպես, որ Հայաստան նոր-նոր ոտք դրած մեկը կկարծեր, թե երկրում իսկապես նախընտրական իրավիճակ է», - գնահատում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ այս առումով մասնավորապես դժգոհելով. - «2003-ի ապրիլից մինչեւ հիմա Սահմանադրական դատարանի նախագահն այդպես էլ իրեն նեղություն չտվեց հստակ ու հասկանալի լեզվով հանրությանը բացատրել, թե, ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում ՍԴ որոշման մեջ տեղ գտած 6-րդ կետը, որով առաջարկվում է մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե»։ Հունվարի վերջին, ինչպես հայտնի է, ԱԺ նախագահը դիմեց ՍԴ նախագահին՝ պարզաբանում ստանալու նպատակով։ Դրանից հանրությանը հասու դաձավ ընդամենը մեկ նախադասություն՝ «ՍԴ առաջարկը ոչ թե իմպերատիվ, այլ դիսպոզիտիվ բնույթի է, այսինքն՝ պարտադիր ու անմիջական իրավական հետեւանքներ չի առաջացնում»: «Հայոց Աշխարհ»ը ինչպես ՍԴ-ից, այնպես էլ ԱԺ-ից փորձել է ձեռք բերել սույն «փրկարար» պատասխանի ամբողջական տեքստը եւ եզրափակում է. - «Ավաղ, երկու կառույցներն էլ հրաժարվեցին տրամադրել այն։ Այս անհասկանալի մերժումը մեկ բացատրություն կարող է ունենալ՝ գուցե իսկապես որոշ գործիչների ձեռնտու է, որպեսզի շարունակվի վստահության հանրաքվեի շուրջ բարձրացված այս աղմուկը»։

«Արդարություն» դաշինքի Միացյալ Նահանգների շտաբի ներկայացուցիչ Արմեն Զատիկյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Հայաստանը, անկախությունից 15 տարի հետո էլ իշխանություններով, ընդդիմությունով, ժողովրդով հանդերձ, մինչեւ հիմա չի կարողանում հասկանալ Սփյուռքի ռեալ ուժը, Սփյուռքի կարեւորությունը մեր ազգի համար: Հայաստանը պետք է իր շրջանակներից դուրս իր ազգակիցների մեջ փնտրի նաեւ այն հարցերի պատասխանները, որոնք այսօր Հայաստանում ի վիճակի չեն գտնել: Պետք է նոր մտածելակերպ, թարմ ուժ, որոնք Հայաստանի այս պայմաններում չեն կարող զարգանալ»: «Հայաստանում հասարակությունն ու ընդդիմությունը իրար արժանի են», - որակում է սփյուռքի ընդդիմադիրը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG