Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր դաշտը համալրվեց նոր քաղաքական կուսակցությամբ


Երկուշաբթի օրը տեղի ունեցավ Ազատական առաջադիմական կուսակցության հիմնադիր համագումարը: Նորաստեղծ կուսակցությունը, դրա նախագահի՝ Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, համագործակցելու է ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի հետ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե միանալու է արդյո՞ք իր կուսակցությունը արմատական ընդդիմադիր ուժերի՝ իշխանափոխությանն ուղղված ջանքերին, Հովհաննիսյանը ասաց. -«Այո: Մենք կաջակցենք ընդդիմության այդ հատվածին, որը նման խնդիր է դրել»:

Իսկ հարցին, թե նորաստեղծ կուսակցությունը պատրաստվո՞ւմ է արդյոք արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, Հովհաննես Հովհաննիսյանը ասաց, թե իր կարծիքով, արտահերթ ընտրություններին պատրաստվում են նաեւ իշխանամետ կուսակցությունները՝ քանի որ իր ունեցած տեղեկություններով այդ ուժերը նույնպես հանդիպումներ են անցկացնում շրջաններում:

Արտաքին հարաբերություններում նորաստեղծ կուսակցությունը կարեւոր է համարում Միացյալ Նահանգների հետ համագործակցության ակտիվացումը: Հովհաննիսյանի խոսքերով, աշխարհում շարունակվում է նոր անվտանգության գոտու ձեւավորումը, եւ այդ գոտին ակնհայտորեն ՆԱՏՕ-ն է լինելու:

«Մենք պիտի սկսենք գործընթացները ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ զուգահեռ սկսենք գործընթացները Հավաքական անվտանգության պայմանագրից դուրս գալու», - ասաց նա:

Նրա խոսքերով, քանի որ Հայաստանը կախման մեջ է Ռուսաստանից, ապա չի կարողանում ազատ քաղաքական որոշումներ կայացնել: Որպես օրինակ նա բերեց իրաքյան պատերազմում կուալիցիոն ուժերին Հայաստանի չմիանալը, ինչի արդյունքում, ի վերջո, մեր երկիրը զրկվեց բազմամիլիոնանոց ծրագրերին մասնակցելուց:

Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, Ռուսաստանը «չի ուզում, որ Հայաստանում լինեն արդար նախագահական ընտրություններ»: Ռուսաստանին հարկավոր է, որ Հայաստանում իրեն հարմար առաջնորդներ լինեն: Նրա խոսքերով, այդուհանդերձ, դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է խզի կապերը Ռուսաստանի հետ. պարզապես դրանք պետք է լինեն «հավասարակշռված գործընկերային հարաբերություններ»:

Ի շարս այլ խնդիրների, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը նույնպես Հովհաննիսյանը տեսնում է ժողովրդավարության, ազատականության շրջանակներում: Նրա խոսքերով, միջազգային հանրությունը չի կարող Արցախը վերցնել «ազատ, ժողովրդավարական Հայաստանից եւ տալ տոտալիտար Ադրբեջանին»:

«Այս տարի պիտի լինեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ», - իր ելույթում հայտարարարեց նա: - «Սա մեր փրկությունն է, մեր Ղարաբաղի լուծումն է: Մենք պետք է աշխարհին ներկայանանք որպես ժողովրդավարական երկիր: Այդ դեպքում մենք կարող ենք դիմակայել մարտահրավերներին, որ մեզ կներկայացնի միջազգային հանրությունը Ղարաբաղի խնդրի լուծման հարցում»:


Ռուզան Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG