Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Լրացավ շարժման 16-րդ տարեդարձը. մեր շարժումը Ղարաբաղյան շարժումն է»: Այսպիսի վերնագրի տակ է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը խտացնում, թե անցած տարիներին մեր ժողովրդի կամ նրա մի հատվածի առջեւ կանգնած որեւէ խնդիր՝ որքան էլ ցավոտ ու հրատապ, երբեւէ չբարձրացավ Ղարաբաղյան շարժման մակարդակին՝ ո՛չ համազգային ընդգրկման եւ ո՛չ էլ նրա մասնակիցների հետեւողականության ու համախմբվածության առումով: Մեկնաբանի սահմանմամբ՝ «մեզանում համազգային նոր Շարժում կարող է առաջ գալ միայն այդ գաղափարին սպառնացող անմիջական վտանգի գոյության պարագայում կամ էլ այն բանից հետո, երբ Ղարաբաղյան շարժումը կհասնի իր հաղթական ավարտին»: «Ամեն սերունդ իր կյանքի նպատակն է ունենում եւ չի կարող վազել մի քանի նպատակների հետեւից՝ վտանգի տակ չդնելով սեփական ձեռքբերումները», - այս ելակետից «Հայոց աշխարհ»-ում վերջակետված է. - «Մեր սերունդը պետք է ավարտի իր գործը, իր Շարժումը՝ Ղարաբաղյան շարժումը, ապագայի բարվոք օրերին ու սերունդներին թողնելով ազգային նոր նպատակներ բանաձեւելու եւ նոր Շարժում սկսելու առաքելությունը»:

«Իրավունք» թերթի մեկնաբանը բնավ լավատեսորեն չի նայում 16 տարում Ղարաբաղյան ազգային ճակատում ձեռք բերվածին: «Թեեւ սովորաբար նշում են, թե այսօրվա սերունդը ստիպված է ուղղել մեր պապերի թույլ տված կոպիտ սխալները, բայց «եկող սերունդն» էլ եկավ, անցյալի սխալը ոչ միայն չուղղվեց, այլեւ, կարելի է ասել, բազմապատկվեց», - գնահատում է մեկնաբանը: - «Մենք մեր կաշվի վրա զգացինք, թե ով է հայ ժողովրդի ձախողումների իսկական մեղավորը, իսկական դրդապատճառը, իսկական շարժառիթը: Դա միջազգային դավադրությունը չէ, չարամիտ հարեւանը չէ, օտարերկրյա զավթիչը չէ: Դա նախ եւ առաջ մենք ենք»:

«Երկիր» թերթի խմբագրականում այսօր որպես հրատապ ընդգծվում է. - «Փետրվարի 13-ին, երբ սրանից 16 տարի առաջ շատերի համար անհայտ Ստեփանակերտ քաղաքի հրապարակում առաջին անգամ հնչեց «Միացում» բառը, առնվազն հարկ է, որ կրկին վերաարժեքավորվի այս ամենը, գիտացվի այդ բառի ու իբրեւ դրա հիմք՝ Արցախյան համազգային Զարթոնքի իմաստն ու բովանդակությունը։ Առնվազն այդ վերազարթոնքի սիրույն միացումը եւ նրա բովանդակությունը հարկ է դարձնել կենցաղ ու վարվելակերպ», - հորդորում է «Երկիր»-ը։

Դաշնակցության պաշտոնաթերթի մեկնաբանի ձեւակերպմամբ, ՀՅԴ 29-րդ Ընդհանուր Ժողովում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քաղաքական զեկույցը «ալեկոծումներ է առաջացրել հայ քաղաքական, հասարակական տարբեր շրջանակներում, ինչը խորհել է տալիս, թե քաղաքական մտքի ու գաղափարների ճահճացած մերօրյա մթնոլորտում այն միակ փրկօղակն էր, որը կարող է մեր երկրի քաղաքական հարաբերությունների, եղած վիճակի խորքային լուրջ ազդակ դառնալ»։ Միեւնույն ժամանակ, «Երկիր»-ում վերապահում է արված. - «Եթե Հրանտ Մարգարյանի քաղաքական ելույթում դժգոհություն է հայտնվում տիրող վիճակից, արմատական փոփոխությունների թերիությունից, պետք չէ այն դիտել իբրեւ սոսկ այլոց մեղադրելու ձգտում։ Նույնքան ակնհայտ էր նաեւ ինքնաքննադատության, դրված նպատակները ամբողջությամբ չիրականացնելու ցավից ծնված խոսքը։ Եվ ամենաէականը՝ քննադատությունը, ինքնաքննադատությունը առավել եւս, միտված են ոչ թե առկա իրավիճակում անմեղ-մեղավորներ փնտրելուն, ոչ թե մասնակի կամ ամբողջական պատասխանատվությունից հրաժարվելուն, ոչ թե այս կամ այն ուժին կամ մտայնությանը երկրորդելուն, այլ բացառապես՝ երկրի ու ժողովրդի առջեւ ծառայած հիմնախնդիրների լուծումը արագացնելուն ու հեշտացնելուն», - հավաստվում է Դաշնակցության պաշտոնաթերթում:

«Հայկական ժամանակ» թերթն էլ այսօր փոխանցում է Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետեւյալ հստակեցումը. - «Այն, ինչ ասել է Հրանտ Մարգարյանը, դա նախկինում արված սխալների արձանագրում է եղել, որը հայտնի է բոլորին: Իսկ ընդհանրապես, Հրանտ Մարգարյանը հիմնականում խոսել է ապաքաղաքական տարրերի վտանգավորության մասին: Ու եթե ՀՀԿ-ն գտնում է, որ իր շարքերում ապաքաղաքական տարրեր կան, դա իսկապես պետք է որ նրանց մտահոգի»:

«Ով-ով, բայց մամուլի աշխատողներս քաջ գիտենք, թե իրականում ինչպես են փոխադարձաբար միմյանց ատում կոալիցիոն գործընկերները», - անդրադառնում է այսօր «Այբ-Ֆե» շաբաթաթերթը: - «Այդուհանդերձ, կոալիցիայի ընդլայնման կամ լուծարման մասին լուրերը իսկապես չափազանցված են: Կոալիցիոն կուսակցությունները գիտակցում են, որ գործող ֆորմատի ցանկացած փոփոխության դեպքում իրենք բոլորն էլ կորցնելու են: Այստեղ հավաքված ուժերը պատրաստ են փոխշահավետ համագործակցության՝ մի կողմ դնելով սկզբունքները»: Բացի այդ էլ, մեծ հաշվով՝ նախագահի մենաշնորհն են «բոլոր այն ոլորտները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Հայաստանի ճակատագրին, իսկ կոալիցիան միայն խոսել կարող է, ելույթներ ունենալ, եթե պահանջվի՝ դառնալ քավության նոխազ»:

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի պատկերագծմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ մոսկովյան այցի արդյունքում արած հայտարարությունները մեծ ոգեւորություն առաջացրեցին ՀՀ իշխանությունների շրջանում: «Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ինքը չի շտապում ԼՂ հարցի կարգավորման գործում, քանի որ համոզված է՝ ժամանակն իրենց օգտին է աշխատում: Իսկ սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հիանալի հնարավորություն են ստանում շարունակելու Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ձգձգման քաղաքականությունը»: «Այդ մոտեցումը կարող էր տրամաբանություն ունենալ, եթե իշխանությունները հստակ ծրագիր ունենային, թե ինչ է պետք անել այդ «ձգձգման» ընթացքում», - շեշտվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Իրականում հերթական ձգձգումը Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է ոչ թե ԼՂ հարցը կարգավորելու, այլ սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Այս քաղաքականության մեջ Քոչարյանին հերթական անգամ օգնության հասավ Ռուսաստանը, որը դեռեւս չունի Հարավային Կովկասը պահելու ծրագիր եւ ժամանակի կարիք ունի անելիքը ճշտելու համար»: Արտաքին ազդակների առումով «Հայկական ժամանակ»-ում նշվում է, որ առաջիկա ամիսներին ԼՂ հարցի շուտափույթ կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումը կթուլանա, քանի որ երկիրը թեւակոխում է նախընտրական փուլ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG