Մատչելիության հղումներ

Վրաստանով նավթի տարանցման սակագնի բարձրացումը «չի վերաբերում Հայաստան մտնող բեռներին»


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Վրաստանի երկաթուղիներով տարանցվող նավթի եւ նավթամթերքի տարանցման սակագների բարձրացման վերաբերյալ ինքը պաշտոնապես չի տեղեկացվել, ուստի Հայաստան մտնող նավթամթերքի ու վառելիքի տարանցման նկատմամբ 24 տոկոսանոց զեղչը մնում է ուժի մեջ։

Անդրանիկ Մանուկյանը ավելացրեց, որ մինչեւ հիմա վրացական կողմի հետ խնդրի շուրջ խոսակցություն չի եղել:

«Վրացական երկաթուղիներ» ընկերության խորհրդի նախագահի հրամանագրով այս տարվա մարտի 5-ից Վրաստանի երկաթուղիներով նավթի եւ նավթամթերքի տարանցման սակագները 20 տոկոսով բարձրացնելու մասին լուրը երեկ տարածել էր ռուսաստանյան լրատվական գործակալություններից մեկը:

«Վրացական երկաթուղիներ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ռամազ Գեորգաձեն հեռախոսով պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասաց, թե ընկերության խորհրդի նախագահ Լեւան Վաշալոմիձեն իսկապես նման հրաման ստորագրել է, սակայն, դա վերաբերում է միայն Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան եւ հակառակը տեղափոխվող նավթին եւ նավթամթերքին:

«Այդ հրամանում ոչինչ ասված չէ հայկական ուղղության վերաբերյալ», - ասաց Ռամազ Գեորգաձեն։

Վրացի պաշտոնյան խուսափեց ուղղակի կերպով պատասխանել հարցին, թե արդյո՞ք սակագները բարձրացնելու հանձնարարականը գալիս է երկրի նորընտիր նախագահ Սահակաշվիլուց, ով նախընտրական շրջանում բազմիցս պատրաստակամություն էր հայտնել իջեցնել Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման սակագները։

«Այդ հարցին ես այժմ ուղղակի պատասխանել չեմ կարող, քանի որ հարցը դեռ ուսումնասիրվում է, ինչից հետո միայն կընդունվի որոշումը», - ասաց նա:

Ադրբեջանական բեռների նկատմամբ տարանցման սակագների բարձրացումը վրացական կողմը հիմնավորել է վրացական երկաթուղիների շահույթը մեծացնելու, բեռների անվտանգ տեղափոխմանը օժանդակելու եւ տարանցման սակագները միջազգային չափանիշներին մոտեցնելու անհրաժեշտությամբ։

Այս քայլով վրացական իշխանությունները, թերեւս, որոշ չափով կրճատում են տարանցման սակագների այն տարբերությունները, որ կան այդ երկրի տարածքով տեղափոխվող ադրբեջանական եւ հայկական բեռների նկատմամբ: Վրաստանի տարածքով տեղափոխվող ադրբեջանական բեռների նկատմամբ գործում են 50 տոկոսանոց զեղչեր, իսկ հայկական ապրանքների դեպքում՝ միայն 17, (վառելանյութի դեպքում՝ 24) տոկոսանոց զեղչեր։ Մինչդեռ տարանցիկ փոխադրման 50 տոկոսանոց զեղչ կիրառելու պահանջը «Տրասեկա»-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություն է։

Փաստորեն, վրաց պաշտոնյաների պատկերացմամբ, տարանցման միջազգային չափանիշներին մոտ են հենց հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող տարանցման սակագները: Պետք է ենթադրել, որ Սահակաշվիլու նախընտրական խոստումները ավելի շուտ խոստում էլ կմնան։

Մինչդեռ, տարանցման այդ սակագները իսկապես շատ բարձր են, կարելի է ասել՝ բիզնեսի համար կործանարար։ Մասնավորապես, նման գնահատական է տրված «Եվրասիա» հիմնադրամի պատվերով «Ժողովրդավարական ֆորում» կազմակերպության անցկացրած՝ Հայաստանի տրանսպորտի վիճակին եւ հեռանկարներին վերաբերող ուսումնասիրության մեջ։ Ըստ այդմ՝ մեկ տոննա բեռը Փոթիից մինչեւ Բաքու 950 կիլոմետր հեռավորությունը տեղափոխելու համար ադրբեջանցի գործարարը վճարում է ընդամենը 875 դոլար, մինչդեռ, նույն Փոթիից մինչեւ Երեւան ընկած 650 կիլոմետրը նույն բեռը տեղափոխելու համար հայ գործարարը վճարում է 50 տոկոսով ավելի՝ 1250 դոլար։ Համարժեք սակագներ են գործում նաեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG