Մատչելիության հղումներ

2003-ին Հայաստանի արտաքին առեւտուրը մեծ վերելք է ապրել


Ըստ երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրական տվյալների, անցած տարի Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 1/3ով՝ ընդհուպ մոտենալով 2 միլիարդ դոլարի սահմանագծին: Ընդ որում՝ աճել են առեւտրական կապերը Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփագրի համաձայն, 2003 թվականին արտահանումը ավելացել է 34,2, ներմուծումը՝ 28,6 տոկոսով։

Վերջին տարիներին արտահանման ծավալների շարունակական աճը եւ ներմուծման կրճատումը էապես կրճատել են երկրի արտաքին հաշվեկշռի բացասական տարբերությունը։ Եթե 7-8 տարի առաջ ներմուծումը մոտ 3,5 անգամ գերազանցում էր արտահանմանը, ապա այժմ այդ ճեղքվածքը գրեթե կրկնակի փոքր է։

Կարելի է փաստել, որ Հայաստանի արտաքին առեւտրատնտեսական գործընկերների շարքում անշեղորեն նվազում է Ռուսաստանի եւ Իրանի տեսակարար կշիռը. անցյալ տարվա արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի 15,5, իսկ Իրանին ընդամենը 4,6 տոկոսը։ Մինչդեռ, 7- 8 տարի առաջ Ռուսաստանին բաժին էր ընկնում մինչեւ 25, իսկ Իրանին 10-12 տոկոսը։

Այսօր, մինչդեռ, Հայաստանի արտաքին առեւտրի 32,5 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպական միության երկրներին. անցյալ տարի այդ տարածաշրջանի երկրների հետ առեւտուրն աճել է մոտ 40 տոկոսով, մինչդեռ, նույն Ռուսաստանի հետ առեւտուրն աճել էլ ընդամենը 17 տոկոսով։ Միացյալ Նահանգների հետ ապրանքաշրջանառության ծավալը աճել է 60 տոկոսով՝ հասնելով 158 միլիոն դոլարի:

Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների ցուցակում նոր երկիր է հանդես եկել՝ Իսրայելի պետությունը։ Հայաստանի հետ առեւտրում Իսրայելը Ռուսաստանից հետո երկրորդն է: Որքան էլ տարօրինակ է, Իսրայելն այդ տեղում հայտնվել է հենց Ռուսաստանի շնորհիվ։ Բավական էր, որ Ռուսաստանի կառավարությունը ազատականացներ բնական ալմաստե հումքի շուկան (ինչի հետեւանքով բարձրացան դրանց գները), որպեսզի հայ ակնագործները սկսեին շատ ավելի մեծ ծավալներով ալմաստե հումք ներկրել այլ երկրներից, այդ թվում եւ Իսրայելից։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG