Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչու են բոլորն ուզում սենսացիա համարել այն, որ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն անընդհատ փորձում է իրեն այդ կոալիցիայից դուրս դնել, ցույց տալ, թե կառավարության գործունեությունն իր հետ առանձնապես կապ չունի, հաճախ էլ հակադրվում է իշխանություններին: Խոշոր հաշվով, այստեղ ոչ մի սենսացիա էլ չկա», - արժեվորում է այսօր «Առավոտ» թերթը՝ ուրվագծելով. - «Նախագահական ընտրությունների կեղծիքներն արդարացնելով, որոշակի հեղինակություն ու փորձ ունենալով՝ կուսակցությունը ձգտում էր «իրեն հասանելիք» իշխող դերի, բայց դրան չհասնելով, ինչ-ինչ պատճառներով համաձայնում է մտնել իշխող կոալիցիայի կազմ: Սակայն իրեն իրավունք վերապահելով չպաշտպանել այն իշխանությունների գործունեությունը, որի մեկ երրորդը իր իսկ կուսակցության ներկայացուցիչներն են: ՀՅԴ-ն ցանկանում է մնալ կառավարության մեջ, բայց չկեղտոտվել: Այդպես էլ սեթեւեթում է. իբր՝ մենք, ճիշտ է, իշխանության մաս ենք, սակայն չունենք լծակներ ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքականության հարցերում ազդեցություն ունենալու համար: Նման դեպքում, սակայն, «դասական» տարբերակը հայտնի է», - մատնանշում է «Առավոտ»-ը: - «Եթե համաձայն չես վարվող քաղաքականությանը, քո տեղն ընդդիմության շարքերում է: Սակայն Դաշնակցությունը չի ցանկանում նաեւ հեռանալ կոալիցիայից: Դատելով կոալիցիայի մյուս կուսակցությունների արձագանքներից՝ ՀՅԴ-ի նման «սկզբունքայնությունը» այնքան է ձանձրացրել, որ նրանք պատրաստ են այլեւս չսպասել, թե երբ Դաշնակցությունը սեփական նախաձեռնությամբ կլքի կոալիցիան, այլ պատրաստ են իրենք նախաձեռնել նրա «վտարման» գործընթացը»: Դա, «Առավոտ»-ի ընդգծմամբ, շատ ավելի տրամաբանական կլիներ գոնե հասարակ քաղաքացու տեսակետից, որը ոչ մի կերպ չի կարողանում ընկալել, թե այդ ինչի մասին են վիճում միմյանց հետ կոալիցիայի անդամ կուսակցությունները, որոնք պարտավորվել են հավասար բաժանել կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում ասում է. - «Եթե Դաշնակցության Ընդհանուր ժողովն ավարտվի, ու ժողովի բանաձեւից պարզվի, որ Հրանտ Մարգարյանի ելույթում հնչած մեղադրանքները Դաշնակցության պաշտոնական տեսակետն են, ապա նման տեսակետները բավականին բարդ հետեւանքներ կարող են առաջացնել: Ընդհանրապես, մեր գործընկերներին ուզում եմ հուշել, որ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելը համագումարների եւ Ընդհանուր ժողովների խնդիրները չպետք է լինեն»: «ՀՀԿ-ն իր պատասխանների մեջ սակավախոս է, բայց որ պատասխանում է՝ մինչեւ վերջ է պատասխանում», - սուր արձագանք է ակնարկում Սալուստ Սահակյանը: Նրա գնահատակով՝ «այն արտաքին քաղաքական հարցերը, որ այսօր իր օրակարգում դրել է Դաշնակցությունը՝ խիստ ժամանակավրեպ են եւ վտանգավոր»:

«Ընդհանուր առմամբ, Հրանտ Մարգարյանի ելույթում իշխանություններին ուղղված քննադատության «դոզան» շատ մեծ էր», - անդրադառնում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Լրիվ ընդդիմադիր լինելու համար պակասում էր միայն երկրի նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները ոչ լեգիտիմ հռչակելը»: Մեկնաբանի ենթադրությամբ, Հրանտ Մարգարյանի ելույթը, մասամբ ուղղված լինելով ՀՅԴ շարքերի ակնկալիքների բավարարմանը, միաժամանակ ե'ւ կոալիցիայի գործընկերներին, ե'ւ Ռոբերտ Քոչարյանին ուղղված սպառնալիք է՝ ինչ-ինչ պայմաններում կամուրջներն այրելու եւ ընդդիմադիր դաշտ անցնելու: Իսկ թե ինչ է ուզում Դաշնակցությունը կոալիցիայի գործընկերներից, բավականին թափանցիկ է. Հրանտ Մարգարյանի ելույթում բազում ակնարկներ կան, որ Դաշնակցության ունեցած գործադիր լծակները քիչ են: «Բոլոր դեպքերում տեղին է խոսել դաշնակցական գործոնի մասին, որը չեն կարող անտեսել ո'չ իշխանությունները եւ ո'չ էլ ընդդիմությունը», - ամփոփված է «Իրավունք»-ում:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը դեռեւս հունվարին հայտարարություն արեց, թե գարունը հայ ժողովուրդը դիմավորելու է առանց Սերժ Սարգսյանի։ Հենց վերջինիս էլ «Առավոտ»-ի թղթակիցը դիմել է՝ արդյո՞ք իրականանալու է այդ կանխատեսումը: Պաշտպանության նախարարը պատասխանում է. - «Դուք հիմա ունեք շատ փայլուն հնարավորություն՝ ձեր թերթում արձանագրելու հետեւյալը. եթե հանկարծ գարունը բոլորս միասին դիմավորենք, ապա կարծում եմ ամբողջական իրավունք կունենաք խոշոր տառերով գրելու, որ Գեղամյանը ստախոս է, որ այս երկրի ամենից մեծ քամի տատանողն է»։ Խորհրդարանում ընդդիմության բոյկոտի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանը ակնարկում է. - «Ընդդիմությունից որոշ լուրջ մարդիկ այնքան էլ համաձայն չեն ընդդիմադիր բոյկոտին»:

«Կարիք չկա ընդդիմության եւ իշխանության այսօրվա հարաբերությունները բնորոշել իբրեւ իրարից խռով ընկերների: Մենք չենք կռվել, որ հիմա որեւէ մեկը առաջինը հաշտության ձեռք մեկնի», - «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է «Օրինաց երկիր»-ից Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: - «Պարզապես ընտրություններից հետո որոշակի լարվածություն է կուտակվել, եւ այս մասնակի բոյկոտը դրա դրսեւորումն է: Կարծում եմ», - նախանշում է «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչը, - «տարբեր հարցերում համատեղ աշխատանքի եզրեր կան, պետք է փորձենք քայլ առ քայլ այդ ուղղությամբ առաջ ընթանալ»:

«Ազգ» թերթի մեկնաբանի պատկերմամբ, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի ձախողումը ընդդիմությանը հապճեպ կանգնեցրեց նոր, ավելի վճռական գործողություններ իրականացնելու հասարակական ու բարոյական պարտադրանքի առջեւ, եւ ինքն էլ հստակ չի պատկերացնում պայքարի իր մարտավարությունը: «Շարքային ընտրողները կրկին հայտնվել են չհայտարարագրված նախընտրական գործընթացների մեջ: Արտասովոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. կհաջողվի՞ արդյոք մարդկանց դուրս բերել իրենց անտարբեր, ինքնամփոփ վիճակից, մնում է մեծ հարցականի տակ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG