Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Իրենց համագումարի առթիվ Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը հանդես է գալիս մեկ այլ պաշտոնաթերթի՝ «Դրօշակ»-ի խմբագրականով, ուր շեշտադրվում է. - «Առաջին անգամն է, որ բնականոն պայմաններում եւ աշխատանքային մթնոլորտում է կայանալու հայրենիքում գումարվող ՀՅԴ ընդհանուր ժողովը»: «Կրկին Հայաստանում» արժեքավորումից զատ, այստեղ նաեւ բանաձեւում են. - «ՀՅԴ ընդհանուր ժողովից սպասումները մեծ են ոչ միայն Դաշնակցության համահայկական կառույցի, այլեւ հայ ժողովրդի կողմից... Դաշնակցության նպատակներն ու արժեքները կենսունակ են եւ անժամանցելի»:

«Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բավականին կոշտ քննադատություն հնչեցրեց կոալիցիոն իր գործընկերների հասցեին։ Ժողովի բացմանը ներկա ԱԺ նախագահն ու վարչապետը քննադատությունից հավանաբար ազդված հեռացան», - առանձնացնում է «Առավոտ» թերթը՝ խտացնելով. - «Դաշնակցություն ժողով արեց. պահանջեց Ջավախքի ինքնավարություն եւ նսեմացրեց իր կոալիցիոն գործընկերներին»: «Դաշնակցությունն իր ժողովի հաջորդ մասը կանցկացնի փակ՝ Ծաղկաձորում: Սակայն Հրանտ Մարգարյանի ելույթից հետո, կարծես, որեւէ բան ասելու կարիք էլ չկար, քանզի», - «ՀՅԴ-ն գրոհում է» խորագրի տակ արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը, - «այդ ելույթում հնչեցին Դաշնակցության հստակ դիրքորոշումները բոլոր՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական բնագավառներում»:

Հայաստանի արտգործնախարարությունը համամիտ չէ ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք ձեւակերպումներին: Այս առումով, արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, մասնավորապես նշել է, որ չնայած ՀՅԴ-ն մաս է կազմում կառավարող կոալիցիայի, սակայն արտաքին քաղաքականությունը Սահմանադրությամբ վերապահված է Հայաստանի նախագահին: Երեկվա իր ելույթում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը, «այլոց շարքում, խիստ վտանգավոր է համարել գլոբալիզացիան», ասել է, որ «ՄԱԿ-ը կորցրել է իր գոյության իմաստը» եւ այլն: Անհանգիստ արձագանք են առաջ բերել եւ Ջավախքին առնչվող՝ Դաշնակցության ձեւակերպումները. - «Հակառակ ոմանց վախվորած ու կասկածամիտ կեցվածքների, Ջավախքն այլեւս հայկական օրակարգի մասն է կազմում։ Ջավախքն այլեւս վառոդի տակառի է նման. այն բոլոր պատճառներն ունի պայթելու։ Կարեւոր չէ, թե մենք ինչ ենք ցանկանում, այն կարող է ինքն իրեն պայթել։ Ամենից վտանգավորը՝ այդ տակառին ուրիշները եւս կարող են կրակ մոտեցնել»։ Անդրադառնալով սրան, «Ազգ» թերթի մեկնաբանն էլ գրում է. - «Հարեւան հանրապետության նկատմամբ նման սպառնալից տոնով արտահայտվելու Դաշնակցության մոտեցումը նոր երեւույթ չէ։ Սադրանքի նմանվող այսօրինակ արտահայտությունները կարող են միայն վտանգել հայ-վրացական փխրուն հարեւանությունը։ Մարգարյանի խոսքը, թե «մենք ցանկանում ենք ուժեղ, կայուն Վրաստանի կազմում պետական գուրգուրանքի արժանացած ինքնավար Ջավախք», Թբիլիսիում այլ կերպ, քան մարտահրավեր վրաց պետականությանը, չի ընկալվելու»: «Վերջին տարիներին առանձնապես վերջին մեկ տարում, հակահայկական հիստերիայով ապրող Վրաստանում հակահայկական տրամադրություններն ավելի խորանալու են», - կանխատեսում է «Ազգ»-ի մեկնաբանը:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, վերջին ամիսներին Վաշինգտոն - Փարիզ - Մոսկվա եռանկյունու շրջագծում նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ձեռնարկվող տարօրինակ աճուրդը վկայում է, որ նա ոչ միայն չի կարողանում օգտվել աշխարհաքաղաքական մեծ խաղատախտակի վրա Ադրբեջանի առջեւ բացվող հնարավորություններից, այլեւ մի կողմից՝ ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջեւ ծավալվող նրբին մրցակցության փաստը գնահատում է կաշառք վերցնելու հարցում ակնհայտ թուլություն դրսեւորող շարքային ադրբեջանցի պաշտոնյայի աչքերով. այսինքն՝ մեծ հաճույքով վերցնում է բոլորից, հույս ունենալով, որ մի կերպ կմարսի: «Դրա հետեւանքով Ադրբեջանի համար գերտերությունների միջեւ ծավալվող պայքարը վերածվում է նրա նախագահին կաշառելու նպատակ ունեցող մի բավականին զավեշտական իրարանցման», -բնորոշում է մեկնաբանը: Կարո՞ղ է արդյոք ներկայումս Մոսկվայում գտնվող Իլհամ Ալիեւը հրաժարվել ամերիկացիներից ստացած շատ ավելի մեծ «կաշառքներից»՝ հանուն ազատագրված տարածքների մի մասի վերադարձի հարցում Ռուսաստանից ակնկալվող աջակցության. այս հարցադրման պատասխանը «Հայոց աշխարհ»-ում մատուցվում է այսպես. - «Համոզված ենք, որ չի կարող ոչ միայն այն պատճառով, որ ամերիկացիների դրդմամբ արդեն իսկ ստորագրել է համապատասխան պայմանագրերը, այլեւ այն պատճառով, որ Ալիեւների կլանի եւ այդ երկրի քաղաքական իստեբլիշմենտի համար տվյալ պարագայում որպես մեկ «կաշառատու միավոր» հանդես եկող Թուրքիան, ԱՄՆ-ը եւ նավթային միլիարդավոր դոլարները շատ ավելի կարեւոր են թե՛ Ֆրանսիայից ու Ռուսաստանից եւ թե՛ Ղարաբաղին սահմանակից մի քանի շրջաններից»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է, թե իր ժամանակ ԱԺ-ի կազմում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատելն ավելի դյուրին էր, «որովհետեւ այն ժամանակ հակամարտության նկատմամբ մոտեցումն էր շատ ավելի բարենպաստ մեզ համար»: Այսինքն՝ կար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարց, որի համատեքստում Հայաստանը, իհարկե, շահագրգիռ, բայց Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ ապահովող կողմ էր, բայց հակամարտության հիմնական կողմերը Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանն էին: Հետո փոխվեց հակամարտության մեթոդոլոգիան՝ վերածվելով Ադրբեջան - Հայաստան վեճի՝ մի կտոր հողի համար, որտեղ որեւէ նշանակություն չունի, թե ովքեր են ապրում: «Իսկ այսպիսի հակամարտության մեջ հայկական կողմի համար ես հեռանկար չեմ տեսնում», - ասում է Հովհաննես Իգիթյանը՝ այս իրավիճակի պատճատ համարելով Հայաստանի «ագրեսիվ արտաքին քաղաքականությունը»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նմանվել է փողոցային կռվի», - որակում է նա:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG