Մատչելիության հղումներ

Բուշի վարչակազմն առաջարկում է հաջորդ տարի Հայաստանին հատկացնել 62 միլիոն դոլար


Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2005 թվականի բյուջեն, որով առաջարկվում է Հայաստանին հատկացնել 62 միլիոն դոլար:

Ընթացիկ տարվա համար Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկում էր Հայաստանին հատկացնել ընդամենը 49 միլիոն, սակայն ի վերջո Կոնգրեսը հաստատեց 75 միլիոն դոլարի կառավարական օգնություն: Ադրբեջանին առաջարկվող օգնությունը մնացել է նույնը՝ 38 միլիոն դոլար:

Ամերիկայի հայկական կազմակերպությունների անհանգստությունն է հարուցել հանգամանքը, որ հաջորդ տարի Հայաստանին առաջարկվում է հատկացնել ընդամենը 2 միլիոն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Ադրբեջանին՝ 4 անգամ ավելի (8 միլիոն):

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հիշեցրել է, որ երկու տարի առաջ Սպիտակ տան եւ Կոնգրեսի ղեկավարների միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար ռազմական օգնություն կտրամադրվի:

2001 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը, սառեցնելով Ազատության աջակցության ակտի 9Օ7-րդ բանաձեւը, որով արգելվում էր կառավարական օգնության տրամադրումը Ադրբեջանին, ամրագրել էր, որ այդ օգնությունը «չի կարող օգտագործվել Հարավային Կովկասի հայ համայնքների դեմ»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն այսօր Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպել Հայաստանի բանակի օրվա կապակցությամբ, առայժմ չի արձագանքել ամերիկյան վարչակազմի բյուջետային առաջարկին:

Հարավային Կովկասում ռազմական ամենամեծ օգնությունը հաջորդ տարի Սպիտակ տունը առաջարկել է հատկացնել Վրաստանին՝ 12 միլիոն դոլար: Վրաստանը առաջատարն է նաեւ տնտեսական օգնության առաջարկվող չափով՝ 90 միլիոն դոլար:

Բուշի վարչակազմի ներկայացված բյուջետային օրինագիծը քննարկվելու է Կոնգրեսի հանձնաժողովներում, ինչից հետո հաստատվելու է Սենատում եւ Ներկայացուցիչների տանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG