Մատչելիության հղումներ

Հայաստանը դեմ է գրավյալ տարածքներ վերադարձնելու դիմաց երկաթգիծը բացելու Ադրբեջանի առաջարկին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը դեմ արտահայտվեց 5 գրավյալ շրջաններ վերադարձնելու դիմաց Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու Ադրբեջանի առաջարկին:

«Որեւէ միջոցառում, որը էլեմենտներ է վերցնում ընդհանուր փաթեթից եւ փորձում է մասնակի լուծումներ տալ այդ էլեմենտներին՝ մենք դեմ կլինենք դրան», - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի քառօրյա այցի ավարտին հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը: - «Մենք գտնում ենք, որ այս հարցը պետք է ունենա ամբողջական լուծում, եւ որեւէ այլ ճանապարհ կոնկրետ հարցերին լուծում տալու ուղղությամբ կարող է միայն ու միայն բացասական ազդեցություն ունենալ ընդհանուր պրոցեսի վրա»:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովը երեկ հայտարարել էր, թե իրենք պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե Հայաստանը վերադարձնի գրավյալ 7 շրջաններից 5-ը: Ըստ ադրբեջանցիների, առաջարկը գալիս է Եվրամիության խորհրդարանի պատգամավոր Պեր Գարթոնից:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն, ամփոփելով իր քառօրյա այցի արդյունքները, մասնավորապես, բարձր գնահատեց Եվրամիության արտգործանախարարների խորհրդի՝ Եվրոհանձնաժողովին տված հանձնարարությունը Հարավային Կովկասի երկրներին «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկելու առնչությամբ։ Նա ասաց, թե խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից զատ երկար քննարկումներ է ունեցել նաեւ Հայաստանի քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ու հավելեց, թե ինքը հույս ունի, որ իշխանությունը եւ ընդդիմությունը միասնաբար կաշխատեն այդ փոփոխությունների նախագծի վրա, որպեսզի ժողովրդավարական գործընթացները Հայաստանում ավելի կենսունակ դառնան։

Եվրամիության ներկայացուցիչը կրկնեց, որ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում հարավկովկասյան երեք երկրներին ընդգրկելու հարցում վերջիններս նկատմամբ միասնական մոտեցումներ են կիրառվելու: Վարդան Օսկանյանը, մինչդեռ, ասաց, թե Եվրամիությունը պետք է, հավասար հնարավորություններ ընձեռելով հանդերձ, այդ երկրների միջեւ մրցակցության հնարավորություններ ստեղծի՝ հաշվի առնի Եվրախորհրդին անդամակցության «դառը» փորձը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում այդ հավասարությունը, ես կարծում եմ, որ անարդար է: Ժողովրդավարական գործընթացների առումով մենք մի քանի քայլ առաջ էին Ադրբեջանից եւ ստիպված սպասեցինք, որ Ադրբեջանը մեզ հասնի»:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված Թալվիթիեն ասաց, որ հակամարտության կարգավորման համար դեռեւս երկար ժամանակ կպահանջվի, քանի որ Ադրբեջանի նոր նախագահը ընդամենը երեք ամիս է պաշտոնավարում եւ «խոշոր ներքին հարցեր ունի»։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հասցեին Ադրբեջանում հնչող խիստ քննադատությանը, Թալվիթիեն ասաց, թե դա ընկալում է իբրեւ հուսահատության դրսեւորում, քանի որ երկար ժամանակ է, ինչ հակամարտության կարգավորման փաթեթը դրված է սեղանին, մինչդեռ լուծումներ գտնված չեն։

Նա ավելացրեց նաեւ, որ անկախ քննադատություներից, Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի եռանախագահողները բավականաչափ զորեղ են այդ աշխատանքը շարունակելու համար եւ ի վիճակի են հակամարտող կողմերին նոր գաղափարներ եւ նոր առաջարկություններ անել։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG