Մատչելիության հղումներ

Նախագահը ներկայացրել է օմբուդսմենի թեկնածությունը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացրել է Հայաստանում առաջին մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի թեկնածությունը: Ինչպես հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը, այդ պաշտոնում առաջարկվել է նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը, ով նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ հարցի շուրջ իր հետ նախագահ Քոչարյանը զրույց է ունեցել անցած երկուշաբթի:

Անցած աշնանը ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի անցումային դրույթներում ամրագրված է, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունների ընդունումը հանրապետության նախագահն է նշանակում օմբուդսմենին՝ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո:

Ազգային ժողովի խումբ-խմբակցություններում «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ պաշտոնապես դեռ որեւէ առաջարկ չեն ստացել: Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, առաջարկվող թեկնածուի հարցը քննարկվելու է ոչ միայն խմբակցությունում, այլեւ կառավարող կոալիցիայի շրջանակներում:

«Երբ որ կլինի պաշտոնական առաջարկություն, կներկայացվի թեկնածուն, խմբակցությունը իր կարծիքը, բնականաբար, կարտահայտի», - ավելացրեց նա:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ, խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի խոսքերով, իրենց համար խիստ կարեւոր է, որպեսզի «թեկնածուն համապատասխանի չափանիշներին»:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, խմբակցությունն այսօր՝ քննարկելով հարցը, որոշել է ձեռնպահ մնա որեւէ թեկնածուի վերաբերյալ կարծիք հայտնելուց: Օրենքի քննարկումների ժամանակ խմբակցությունը առաջարկում էր, որ նախագահը օմբուդսմենին նշանակի խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ ոչ թե խորհրդակցելուց, այլ համաձայնեցնելուց հետո:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին զեկույցում անդրադարձ կա նաեւ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման հարցին: Մասնավորապես, վեհաժողովը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «ստեղծել թափանցիկ եւ վստահելի միջանկյալ ընթացակարգ, որը հնարավորություն կտա Հայաստանի Ազգային ժողովին, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցություններին, քննելու եւ կարծիք հայտնելու թեկնածուների վերաբերյալ, միաժամանակ պաշտոնապես պահպանելով նախագահի իրավունքը՝ նշանակել հաջող թեկնածու»:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի անցումային դրույթներով առաջին օմբուդսմենի պաշտոնավարման ժամկետը լրանում է սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Իսկ սահմանադրական փոփոխություններից հետո մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ից ավելիով՝ երկրի նախագահի եւ պատգամավորների 1/5-ի կողմից առաջարկած թեկնածուներից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG