Մատչելիության հղումներ

Թբիլիսիում Օսկանյանը հանդիպում է ունեցել Փաուելի հետ


Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը անցած կիրակի Թբիլիսում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելի հետ: Բանակցություններում կենտրոնական տեղ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները:

Օսկանյանն ու Փաուելը Թբիլիսիում մասնակցում էին Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Սահակաշվիլու պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը, զրուցակիցները խոսել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով կոնկրետ արդյունքների հասնելու հնարավորության մասին»: ԱՄՆ-ը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին, համանախագահում է Մինսկի խմբում:

«Վարդան Օսկանյանը եւ Քոլին Փաուելը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին՝ անցյալ տարվա վերջում Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումից հետո, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին խնդրի լուծման հնարավորությունների շուրջ», - ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Միջազգային միջնորդները փորձում են նոր խթան հաղորդել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որը շուրջ մեկ տարի սառեցված էր Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Դեռեւս, սակայն, հստակ չէ՝ միջնորդները հանդես են գալու նո՞ր առաջարկություններով, թե՞, ինչպես հուսով է Հայաստանը, փորձելու են վերակենդանացնել 2001 թվականին կողմերի ձեռք բերած համաձայնությունները:

Թբիլիսյան հանդիպման ժամանակ զգալի տեղ է հատկացվել նաեւ «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերին»: «Երկուստեք դրական գնահատվեց հայ-թուրքական առկա երկխոսությունը եւ այն գործնական արդյունքների վերածելու մեջ ԱՄՆ դերի կարեւորությունը», - ասված է հաղորդագրությունում:

Վաշինգտոնը տարիներ ի վեր ճնշում է գործադրում Անկարայի վրա՝ վերացնել 1993 թվականին մտցված տնտեսական էմբարգոն Հայաստանի նկատմամբ: Թուրքիայի ներկայիս կառավարությունը անցած տարի որոշակիորեն մեմղեց Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը: Հայ պաշտոնյաների խոսքերով, Թուրքիան այժմ կարող է հայ-թուրքական սահմանը բացել մինչեւ Ղարաբաղյան հակամարտության լուծումը:

Անդրադարձ է եղել նաեւ Իրաքի ներկա վիճակին: «Վարդան Օսկանյանն ԱՄՆ պետքարտուղարին կրկին ներկայացրեց Հայաստանի պատրաստակամությունը ակտիվ կերպով մասնակցել Իրաքի վերականգնողական ծրագրերին, մասնավորապես տեխնիկական եւ հումանիտար բնագավառներում», - նշում է արտգործնախարարության հաղորդագրությունը, որում, սակայն, ոչինչ չի ասվում հայ զինվորական բժիշկների եւ սակրավորների Իրաք մեկնելու մասին, ինչի պատրաստակամությունը Հայաստանի կողմից հայտնելուց ի վեր արդեն մի քանի ամիս բանակցություններ են ընթանում ամերիկյան կողմի հետ:

Թբիլիսիում Վարդան Օսկանյանը առաձին հանդիպումներ է ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլու, խորհրդարանի խոսնակ Բուրջանաձեի հետ: Վարդան Օսկանյանը Միխեիլ Սահակաշվիլուն է հանձնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը, որտեղ Հայաստանի նախագահը վրաց գորըծնկերոջ պաշտոնական այցով հրավիրում է Հայաստան:

«Սահակաշվիլին կրկին հավաստեց իր երկրի իշխանությունների վճռականությունը նոր թափ հաղորդել վրաց-հայկական հարաբերություններին բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսության բնագավառում, ուշադրություն բեւեռով մինչեւ այժմ չիրացված հնարավորություններին», - տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG