Մատչելիության հղումներ

Պարույկ Սեւակի հոբելյանը նշվեց իր ծննդավայրում


Զանգակատուն գյուղում նշվեց 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պարույր Սեւակի 80-ամյակը: Պետական մակարդակով հոբելյանը կնշվի ավելի ուշ, սակայն բանաստեղծի հարազատները, մտերիմները, նրա պոեզիայի բազմաթիվ երկրպագուները, ինչպեսեւ ամեն տարի, այս տարի էլ հունվարի 24-ին հավաքվել էին բանաստեղծի շիրմի մոտ՝ իր ծննդավայրում:

Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի նախաձեռնությամբ անկախացումից ի վեր բանաստեղծի ծննդյան օրը Զանգակատանը նշվում է հունվարի 24-ին: Թեեւ անձնագրում եւ այլ փաստաթղթերում 1924 թվականի հունվարի 26-ն է արձանագրված որպես բանաստեղծի ծննդյան օր եւ կենդանության օրոք էլ իր ծննդյան օրը նշվում էր այդ օրը, Սեւակը իրականում ծնվել է հունվարի 24-ին: Պատճառը հետեւյալն է. 1924 թ. հունվարի 24-ին տեղի է ունեցել Լենինի թաղումը, եւ, քանի որ Խորհրդային Միությունում դա համաժողովրդական սգո օր էր, ապա որեւէ մեկը «չէր կարող ծնվել»:

Հայաստանի ազգային գրադարանում արդեն երկուշաբթի օրը գրողների, գրականագետների, պոեզիայի սիրահարների մասնակցությամբ նույնպես նշվեց Պարույր Սեւակի 80-ամյա հոբելյանը:

«Պարույր Սեւակը այժմեական է նաեւ այն առումով, որ, ինչպես Դանիել Վարուժանը կբանաձեւեր՝ կարողացավ ազգային հիմքի վրա արտահայտել համամարդկային գաղափարներ», - իր խոսքում ասաց գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:

Խոսելով անցած դարի 70-ականների սերնդի մասին, ում համար Սեւակը ուղեցույց է եղել, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Պերոսյանը ասաց. - «Այս առումով Սեւակը, ես կարծում, բախտավոր է, որովհետեւ նա թողել է մեզ շատ գեղեցիկ պոեզիա, որը դեռ հետագայում էլ լինելու է մեր ուղեկիցն ու ուղեցույցը»:

«Սեւակը իրոք դարի զավակ է՝ ժողովրդի ծոցից բխած եւ ժողովրդի ցավը, արժեքները կրող: Սեւակը մեր նահատակներից է», - ասաց երգահան Դանիել Երաժիշտը: - «Նա կրել է հայոց ճակատագիրը իր ուսերին, իր սրտում, իր մտքում»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG