Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 19 մլն դոլար է հատկացնում Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումների համար


Հինգշաբթի օրը Համաշխարհային բանկը հաստատել է 19 մլն դոլարին համարժեք վարկ՝ Հայաստանում կրթության որակի եւ համապատասխանեցման ծրագրի համար: Այս արտոնյալ վարկը Հայաստանի կրթական բարեփոխումներին օժանդակող 10 տարվա համար նախատեսված եռամաս ծրագրի առաջին փուլն է:

«Ծրագիրը դպրոցական ուսումնական ծրագիրը կդարձնի ավելի ներդաշնակ Հայաստանի տնտեսության եւ հասարակության պահանջներին, իսկ աշակերտների ստուգման եղանակը՝ ավելի օբյեկտիվ եւ վստահելի», - ասված է Համաշախարհային բանկի տարածած հայտարարության մեջ: - «Ծրագիրը դպրոցներին կտրամադրի նաեւ համակարգիչներ եւ այլ նյութեր, ուսուցիչներին կօգնի դրանք արդյունավետ օգտագործել դասարանում»:

Հատկացվող գումարի զգալի մասը կուղղվի Հայաստանի շուրջ 600 դպրոցներում համակարգչային լաբորատորիաների ստեղծմանը: «Մոտ 150 դպրոց միանալու է Դպրոցական ինտերնետային ցանցին», - տեղեկացնում է հայտարարությունը:

40 տարվա ընթացքում մարվելիք այս վարկի պայմանները համաձայնեցվել էին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակ այցելության ընթացքում՝ անցած տարեվերջին: Ըստ այդ համաձայնություններից մեկի՝ հանրակրթական դպրոցներում ուսման տեւողությունը ներկայիս 11 տարվա փոխարեն կդառնա 12 տարի:

«Կառավարությունը փորձում է կրթական համակարգում իրականացնել մեծ եւ կարեւոր փոփոխություններ», - ասել է ծրագրի մշակման Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավար Թոբի Լինդենը: - «Սա լինելու է մարտահրավեր նետող եւ որոշ դեպքերում վիճահարույց ծրագիր: Սակայն ընդհանուր օգուտները, որ այն բերելու է աշակերտներին, ուոցիչներին եւ համայնքներին լինելու են շոշափելի, տեսանելի եւ նշանակալի»:

Վիճահարույց հարցերից է հանրակրթական դպրոցների օգտիմալացման ծրագրի շրջանակներում ուսուցիչների կրճատումը: Երկրի 60 հազար ուսուցիչներից 4 հազարը անցած ամառ կորցրել են իրենց աշխատանքը: Լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել նոր կրճատումների մասին:

Կրթության եւ գիտության նախարարությունը, մինչդեռ, պնդում է, որ այդ կրճատումերը հնարավորություն կստեղծեն առաջիկա երեք տարիների ընթացքում եռապատկել ուսուցիչների միջին աշխատավարձը՝ այն հասցնելով 65 հազար դրամի (115 դոլար):

Ծրագրի շրջանակներում տարբեր ուղղվածության սոցիալական օժանդակություն է տրամադրվելու օպտիմալացման արդյունքում դուրս մնացած ուսուցիչներին: «Այն կարող է ընդգրկել խորհրդատվություն, վերապատրաստում, բիզնես ծառայություններ, տեղափոխման ծախսեր եւ փոխհատուցում», - ասված է հայտարարության մեջ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG