Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չնայած հայ դիվանագետիների գործադրած ջանքերին, ոչ անձամբ Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ էլ Հայաստանը այս տարի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել», - գրում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը՝ նաեւ ակնարկելով. - «Սրա պատճառն այն է, որ Դավոսում Ռոբերտ Քոչարյանի հետ շփվելու ցանկություն ունեցող օտարերկրյա պաշտոնյաների թիվը, մեղմ ասած, շատ չի եղել: Փոխարենը մոտ ապագայում Հայաստան կժամանի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որը, ի դեպ, նույնպես հրավիրված չէ Դավոսի համաժողովին»:

Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում այսօր արձանագրում է. - «Իրավիճակ է փոխվել Անդրկովկասում. մրցակցային ֆոնը, միջավայրն է փոխվել: Եթե մենք մի քանի տարի առաջ հանգիստ հպարտությամբ կարող էինք խոսել այն մասին, որ Վրաստանը թաղված է կոռուպցիայի եւ ազգամիջյան բախումների մեջ. Ադրբեջանը թաղված է կոռուպցիայի եւ ներքին խնդիրների մեջ, իսկ Հայաստանը թեեւ կոռուպցիայի բավականին ծանր բեռ է կրում, բայց կայունության կղզյակ է իր դեմոկրատական ինստիտուտներով, դրանք զարգացնելու փորձերով, ապա այսօր այդպես չէ: Այսօր Ադրբեջանը եւ Վրաստանը իրենց նոր, ամբիցիոզ առաջնորդներով փորձելու են փոխել իրավիճակը, ավելին ասեմ՝ նրանք արդեն փոխել են իրավիճակը: Եվ այս իմաստով Հայաստանը թե մտածելու, թե անելու շատ բան ունի»:

«Որոշակի շատ էական շտկումներ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում կարող է մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի «հին-նոր» առաջարկությունների առաջ տանելը», - ընթացքի խթաններից առանձնացնում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Եթե մեծ միջազգային ճնշումներով պարտադրանքի տարբերակը գործի, ապա, բնականաբար, դա կհանգեցնի ինչպես ամբողջ ընդդիմադիր դաշտի, այնպես էլ բնակչության շեշտակի առողջացմանը, առավել եւս, որ կա լարվածությունը բարձրացնող այնպիսի մշտական գործոն, ինչպիսին է սակագների աճը: Սակայն քիուեսթյան տարբերակը կտրուկ պատրադրելու դեպքում վերափոխումների կենթարկվի ոչ միայն ընդդիմադիր ճամբարը, այլեւ երկրի քաղաքական դաշտն ամբողջությամբ: Եվ հնարավոր կարող են դառնալ այնպիսի դաշինքային կոնֆիգուրացիաներ, որոնք այսօր ֆանտաստիկ են թվում»: «Իրավունք»-ում մասնավորապես նշվում է, որ մի շարք հրապարակումներ «յուրահատուկ ազդանշան են Ռոբերտ Քոչարյանին, որ Ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան տարբերակն ընդունելու դեպքում այժմ իր հենարանը հանդիսացող ավանդական կուսակցությունը՝ Դաշնակցությունը, կարող է ընդդիմադիր կեցվածք ընդունել»:

Օրերս Հայաստանը պաշտոնապես անդամակցեց «Երկրների խումբ՝ ընդդեմ կոռուպցիա» կառույցին: Սրա հետ կապված Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը այսօր խմբագրականում արժեվորում է. - «Հայաստանն այսուհետ նոր պատասխանատվություն է ստանձնել, որը պետք է կարողանա կատարել, հակառակ պարագայում ամեն մի ցնցում, անզգույշ շարժում կարող է անհարմար դրության մեջ դնել երկիրը: Այլեւս գեղեցիկ բառերով, շքեղ շնորհանդեսներով ու սեմինարներով հայրենի իշխանությունները կառավարական համակարգը չեն կարող իբրեւ քողածածկույթ ձեւավորել, թե «միահամուռ» պայքարում են կոալիցիայի դեմ... Հասել է գործելու ժամը, երբ կոռուպցիայի դեմ պայքարը դառնալու է ամենօրյա աշխատանք»: «Իսկ եթե Հայաստանը շահագրգռություն չցուցաբերի, իրեն սպասել չի տա նաեւ ԳՐԵԿՈ-ի կողմից շատ ավելի ազդեցիկ հակադարձումը, որը դոմինոյի էֆեկտով տարածվելու է մեր երկրի քաղաքական, վարկային, տնտեսական, դիվանագիտական հեղինակության վրա», - զգուշացնում է «Երկիր»-ը՝ նաեւ ակնարկելով. - «Թերեւս սա է պատճառներից մեկը, որ կառավարման համակարգում կա կրավորականություն, շատ հաճախ նաեւ ընդդիմություն՝ ԳՐԵԿՈ-ին անդամակցելու հարցում»:

Կոալիցիոն կառավարության գործունեության կիսամյակի կապակցությամբ «Հայոց աշխարհ» թերթը ուրվագծում է. - «Ոմանց տպավորությամբ՝ կոալիցիան պաշտոնների բաշխման գրասենյակի նման մի բան է: Նման տպավորության ձեւավորման հիմնական պատճառն այն է, որ անցած կես տարվա ընթացքում կոալիցիան դժբախտաբար չկարողացավ ապացուցել, որ ունի ամիս առ ամիս հաշվարկված գործնական ծրագիր, որը բաղկացած է ներկայումս լուծվող եւ լուծման որոշակի շրջափուլում գտնվող հստակ խնդիրներից: Քանի որ այդ նախընտրական խոստումները զերծ չէին որոշակի պոպուլիզմից, նույն միտումը տեղափոխվել է նաեւ կոալիցիոն կառավարությունից ներս: Ավելին՝ քանի որ առանձին ուժերի խոստումների մի մասը չի համընկնում կոալիցիայի գծով մյուս դաշնակցի մոտեցումներին, առաջ են եկել որոշակի թյուրըմբռնումներ նաեւ այդ հարթության վրա»: «Մինչդեռ ժամանակը չի սպասում ե՛ւ արտաքին-քաղաքական մարտահրավերների, ե՛ւ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների առումով», - ընդգծում է «Հայոց աշխարհ»-ի տեսաբանը: - «Ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է արագացնել ողջ երկրի զարգացման տեմպերը եւ հստակ ու շոշափելի ձեռքբերումների որոշակի շղթայի ձեւավորման միջոցով դրանք ընկալելի դարձնել հասարակայնության մեծ մասի համար: Եւ այնքան էլ կարեւոր չէ, թե գործընթացների արագացման հետեւանքով որ կուսակցությունը ինչքանով կկարողանա պահպանել կամ բարձրացնել սեփական հեղինակությունը»: Իսկ ներկայիս ընթացքով, ըստ «Հայոց աշխարհ»-ի, գնալով ավելի ու ավելի է նկատվում «ընդհանուր անորոշության մթնոլորտի ծնունդ հանդիսացող անվստահությունը՝ ամենքի եւ յուրաքանչյուրի հանդեպ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG