Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Արմեն Սարգսյանի դատավճիռը


Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, ինչպես ենթադրվում էր, անփոփոխ թողեց 2002 թվականի վերջին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատավճիռը ընդդիմության առաջնորդներից Արամ Սարգսյանի կրտսեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի նկատմամբ:

Խստացված էր հսկողության պայմաններում երեքշաբթի օրը վերաքննիչ դատարանը հրապարկեց իր որոշումը, որով անփոփոխ թողնելով բոլոր ամբաստանյալների նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, ավելի մեղմ պատիժ սահմանեց միայն նրանցից մեկի՝ սպանությանը աջակցելու մեջ մեղադրված Գրիգոր Պետրոսյանի դատավճիռը՝ 7 տարվա ազատազրկումը փոխարինելով 5 տարվա ազատազրկմամբ:

Դատավճռի ընթերցման ժամանակ Արմեն Սարգսյանի կողմնակիցները «սուտ է» բացականչություններով ընդմիջում էին դատավորին, իսկ հետո, ի նշան բողոքի ու անհամաձայնության, նստած էին լսում դատավճիռը: Դատավոր Արշակ Խաչատրյանի նկատողությանը, թե դատավճիռը «ոտնկայս են լսում», Սարգսյանի կողմնակիցներից մեկը պատասխանեց. - «Դուք Հայաստանի Հանրապետության անունից խոսելու իրավունք չունեք»:

Վերաքննիչ դատարանը «արժանահավատ» ճանաչեց Ֆելիքս Առուստամյանի եւ Գրիգոր Պետրոսյանի նախաքննական, Գեղամ Շահբազյանի եւ Ջոն Հարությունյանի նախաքննական ու առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքները: Ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանը պատվիրել եւ ֆինանսավորել է, Գեղամ Շահբազյանը, Ֆելիքս Առուստամյանը եւ Գրիգոր Պետրոսյանը օժանդակել են, իսկ Ջոն Հարությունյանը կատարել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը. -
«Ցուցմունքները հիմնավոր են, միմյանց փոխկապակցված եւ բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից»:

Իսկ Արմեն Սարգսյանը ցուցմունքները՝ որ ինքը պատվիրատու չի հանդիսացել, նախապատրաստվող սպանության մասին չի իմացել, գումարները վճարել է իր հարազատների անվտանգությունը ապահովելու համար, դատարանը արժանահավատ չի գտել:

Արմեն Սարգսյանի եւ Ֆելիքս Առուստամյանի շահերի պաշտպաններն ասացին, որ վճիռը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում, թեեւ վստահ են, որ Հայաստանի դատական ատյաններում որեւէ փոփոխություն չի լինի:

«Երկրի դատական իշխանությունը գտնվում է ուղղակի գործադիր իշխանության ազդեցության ներքո», - ասաց Ֆելիքս Առուստամյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Կայացրած վճռից դժգոհ էր նաեւ Տիգրան Նաղդալյանի քույրը՝ Կարինե Նաղդալյանը: Նրա կարծիքով, սահմանված պատիժները մեղմ են, գործում ընդգրկված է պատվիրատուների ոչ լրիվ ցանկը:

«Արմեն Սարգսյանը օգտագործելով Ջոնի անունը տվեց այդ միջնորդների անվանական ցանկը... Նա տվեց անուններ, որոնք իրոք խառն են այդ գործում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարինե Նաղդալյանը՝ նկատի ունենալով Արմեն Սարգսյանի խոսքերը, թե Ջոն Հարությունյանին նախաքննության ընթացքում փորձել են ստիպել, որ տա Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, Արամ Սարգսյանի, Ալբերտ Բազեյանի անունները:

Այս հայտարարությունը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը եւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեցին մեկնաբանել՝ «անհեթեթություն» որակելով այն:

«Ընդհանրապես կարծում եմ, որ տուժողի իրավահաջորդի տեսակետերը քննարկելը անբարո երեւույթ է», - ասաց Արամ Սարգսյանը:

Կարինե Նաղդալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, թե իր այդ կասկածների մասին հայտնել է գլխավոր դատախազության քննիչներին, բայց վերջիններս «մնում են իրենց մտքին»:

«Կարինե Նաղդալյանը ֆիքսում է, որ մեր դատախազությունը կոռումպացված է եւ վերահսկվում է մեկ մարդու կողմից», - այդ կապակցությամբ ասաց Արամ Սարգսյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG