Մատչելիության հղումներ

Ընդդիմության համախմբման նախաձեռնողը «Հանրապետություն» կուսակցությունն է


Հետտոնական օրերին ավելի են ակտիվացել խոսակցությունները հայաստանյան ընդդիմադիր դաշտը համախմբելու նոր փորձի մասին: Ըստ տարբեր աղբյուրներից սպրդած լուրերի, «Արդարություն» դաշինքի տարեվերջյան նիստում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ներկայացրել է գործողություների ծրագիր: Վերջինս հաստատեց. որ ընդդիմությանը համախմբելու նախաձեռնությունը «Հանրապետություն» կուսակցությանն է պատկանում:

«Համախմբել ընդդիմությանը՝ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման եւ օրինական իշխանության ձեւավորման խնդրով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նպատակ ձեւակերպեց Ալբերտ Բազեյանը՝ ավելացնելով, որ «Արդարություն» դաշինքի նիստում իրենք արդեն ներկայացրել են աշխատանքային ծրագիր:

Նրա խոսքերով, որոշվել է վարել բանակցություններ «իշխանությանը ընդդիմադիր կամ իբրեւ ընդդիմադիր հանդես եկող» բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ժողովրդին համախմբելու եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու նպատակով: Բազեյանի փոխանցմամբ, իրենք արդեն որոշակի շփումներ են սկսել նաեւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի հետ:

Թեպետ զարգացումները դեռ խիստ նախնական են, այդուհանդերձ, Ալբերտ Բազեյանը արդեն ուրվագծում է հնարավոր պատկերը. - «Գուցե կան քաղաքական ուժեր, որոնք դրա հնարավորությունը չեն տեսնում: Գուցե կան քաղաքական ուժեր, որոնք սպասում են մի այնպիսի պահի, երբ կոնկրետ իրենց լիդերի հնարավորությունները ավելի մեծ կլինեն, կամ՝ ենթադրում են, թե ավելի լավ է մնա այս վարչախումբը, Ռոբերտ Քոչարյանը, բայց գա իրե'նց ժամանակը»:


Բազեյանը գրեթե համոզված է, որ այդ պատկերը շատ շուտով կուրվագծվի:

«Եթե հաջողվի այս գաղափարի շուրջ համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը, ապա հնարավոր ենք համարում որեւէ ֆորում, համաժողով կազմակերպել, ստորագրել մի հուշագիր՝ կոչով, ուղերձով դիմել ժողովրդին եւ, գնահատելով իրավիճակը, հարմար պահի ոտքի հանել հասարակությանը ընդդեմ վարչախմբի», - ասաց Բազեյանը: - «Կարծում եմ, որ մինչեւ հունվարի վերջը հասարակությանը հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժերն են պատրաստ ոտքի հանել ժողովրդին ընդդեմ գործող վարչախմբի, եւ որոնք են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց համար այսօր փորձում են որոշակի հեղինակություն ապահովել եւ նախապատրաստվում են 2008 թվականի նախագահական ընտրություններին»:

Բազեյանը չհերքեց, թե ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի միջեւ միմյանց նկատմամբ առկա է նաեւ մերժողական վերաբերմունք, բայց, նրա խոսքերով, երկրի վիճակը համախմբում է պահանջում՝ «անկախ սուբյեկտիվ իրողություններից՝ հանուն ժողովրդավարության հաստատման»:

«Իհարկե, ցանկալի չէ, որ արտաքին ուժերի միջամտությամբ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն», - պատասխանելով վրացական իրադարձությունների հետ զուգահեռներին վերաբերող հարցին, ասաց Բազեյանը. - «Մենք առաջին հերթին ապավինելու ենք մեր հասարակությանը, Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին: Եթե նրանք կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատմանը, ապա այս խնդրի շուրջ մենք պատրաստ ենք դրսի ուժերի հետ համագործակցել՝ առանց որեւէ այլ նախապայմանների»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG