Մատչելիության հղումներ

Կառավարությունը ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը


Հայաստանի կառավարությունը եւ Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողովը ուրբաթ օրը վերջապես ներկայացրին երկրի հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Համաշխարհային բանկի տրամադրած 345 դոլար դրամաշնորհով մշակված այս ծրագիրը ավարտին հասցնելու համար պահանջվեց գրեթե երեք տարի:

«Քաղաքական ուժերի եւ պետության, կառավարության քաղաքական կամքը լինելու է սա՝ որ բոլորս օրենքի առաջ հավասար լինելու հանգամանքը մինչեւ վերջ կարողանալո՞ւ ենք օգտագործել, թե՞ ոչ», - ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում որոշմամբ 2001 թվականի հունվարին ստեղծվել էր հակակոռուպցիոն ծրագրերը համակարգող հանձնաժողովը՝ ավելացնելով. - «Մեզ համար անչափ կարեւոր է հասարակության եւ զանգվածային լրատվամիջոցների անհանդուրժողական վերաբերմունքը այդ չարիքի նկատմամբ»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նույնպես շեշտելով անհադուրժողականության հրամայականը, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու փոխկապակցված շղթայում ընդգծեց պատժելիությունն ու օրենքի հետեւողական, արդար կիրառումը:

Վարդան Օսկանյանը նաեւ պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանն արդեն այսօրվանից Եվրախորհրդի «Կոռուպցիայի դեմ երկրների խմբի»՝ ԳՐԵԿՈ֊ի անդամ է:

«Ուզում եմ հայտնել, որ նամակը (Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին) արդեն գնացել է եւ այդ նամակը հասնելու պահին, իսկ այն արդեն Ստրասբուրգում է, մենք արդեն համարվում ենք ԳՐԵԿՈ-ի անդամ», - ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանն արդեն ստորագրել է Կոռուպցիայի դեմ քրեական իրավունքի կոնվենցիան ու արձանագրությունները, հույս հայտնեց, որ եկող ամսվա ընթացքում խորհրդարանը դրանք կվավերացնի: Նրա խոսքերով, ընթացքի մեջ է Կոռուպցիայի դեմ քաղաքացիական իրավունքի կոնվենցիան ստորագրելու հարցը:

«Այն բոլոր օրենքները, որոնք այս միջոցառումների ծրագրում ընդգրկված են, ժամանակին եւ շահագրգիռ ձեւով կքննարկվեն եւ կընդունվեն անպայման», - հավաստիացրեց Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG