Մատչելիության հղումներ

Հայ սպաների՝ Բաքու մեկնելու երթուղին «առաջարկել է» Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը


Ինչպես ուրբաթ օրը հայտարարել են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայ զինվորականների՝ Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիք ամռանը Ադրբեջանում անցկացվելիք զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսին մասնակցության հարցը համակարգվում էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդի գրասենյակի եւ ՆԱՏՕ-ի բրյուսելյան հրամանատարության կողմից:

Այսօր հրավիրած ասուլիսում Պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության բաժնի պետ Միքայել Մելքոնյանն ասաց, որ այս կարգի միջոցառումներին մասնակցելու համար հրավերը ստանում են ՆԱՏՕ-ից, վերջինիս ղեկավարությունն է որոշում, թե ինչ կարգով եւ ինչ ուղղությամբ պետք է մեկնեն մասնակիցները:

«Նման հարցերը ֆինանսավորում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը, եւ նրանք են որոշում, թե այս կամ այն միջոցառմանը որ ուղղությամբ տոմս վերցնել», - իր հերթին հայտարարեց նշված կոնֆերանսում Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության ղեկավար, գնդապետ Մուրադ Իսախանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մուտքի արտոնագրեր ստանալու նպատակով նախ դիմել էր Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանություն, որից մերժում էր ստացել, ապա որոշել էին հասնել Բաքու Ստամբուլով եւ մուտքի արտոնագրեր ստանալ Ադրբեջանի մայրաքաղաքի օդանավակայանում: Սակայն, հայ զինվորականներին, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչների պնդմամբ, թույլ չի տրվել մեկնել Բաքու:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, գերերալ Մելքոնյանի խոսքերով, տեղյակ է այս պատմության բոլոր մանրամասներին՝ «որ Հայաստանը մինչեւ վերջ բոլոր ընթացակարգերով իր պարտականությունները կատարել է»:

Նրա խոսքերով, Հայաստանը մտադիր է մասնակցել «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների հետագա բոլոր նախապատրաստական կոնֆերանսներին ու բուն զորավարժություններին: Զորավարժությունների պլանավորման կոնֆերանսներ են ծրագրված Կիեւում, Մադրիդում, եւ կրկին Բաքվում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG