Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Առաջիկա օրերին կառավարությունն արդեն սկսում է հաշվետվությունների մի շարք, երբ կառավարության անդամները առանձին պետք է ներկայացնեն իրենց կատարածն ու դեռեւս չարվածը: Սրա հետ կապված «Երկիր» թերթը խմբագրականում այսօր ընդգծում է. - «Հարկատուի փողերով աշխատավարձ ստացող, մեքենա ունեցող, այդ գումարներով գործուղումների մեկնող ցանկացած բարձր պաշտոնյայի խնդիրն է իր աշխատանքի մասին հաշվետու լինել հասարակությանը՝ նաեւ փորձելով բացատրվել ու հասկացվել վերջինիս կողմից: Դեռեւս կառավարման համակարգի բազում, եթե չասենք՝ հիմնական շատ ոլորտներում բացակայում է այդ հաշվետու լինելու կարգը: Բարձրաստիճան պետական պաշտոնյաների մեծամասնությունը իր ընդհանուր գործունեության մեջ երբեք էլ չի մտահոգվում հաշվետու լինել... Կառավարական առաջիկա հաշվետու մարաթոնը կարող է առաջին քայլերից մեկը լինել, երբ միայն իբրեւ նշում չլինելով, ամեն մեկին գնահատականի արժանացնելով, կարելի է մարդկանց մղել պատասխանատվության», - կարեւորում է «Երկիրը»-ը: - «Միաժամանակ, կուսակցություններին տեր դարձնել իրենց կողմից երաշխավորված գործունեությանը եւ պահվածքին»:

«Մենք նախանձում ենք ոչ թե զարգացած երկրների հարստությանը (հարուստները մեր երկրում էլ քիչ չեն), այլ որովհետեւ նրանք մեզանից անհամեմատ ժողովրդավար են», - առանձնացնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Եվ այդ առումով ստիպված ենք արձանագրել, որ գնալով նախանձում ենք ավելի շատ երկրների... Հենց նույն Ռուսաստանին, որը ամերիկաների ու եվրոպաների համեմատ այնքան էլ ժողովրդավար չէ»: Բայց անգամ այստեղ է պատահում, որ դատախազությունը անփութության ու հասարակական դիրքը չարաշահելու մեղադրանք ներկայացնի քաղաքապետի. - «Անգամ մեր ամենահամարձակ երազում չենք կարող պատկերացնել, որ մեր դատախազությունը կարող է իրեն թույլ տալ անփութության ու պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք ներկայացնել Երեւանի որեւիցե քաղաքապետի», - համադրում է «Առավոտ»-ը: - «Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին ապօրինի շինարարություն թույլատրելու մեջ, այն էլ՝ օպերայի շրջակայքում, մեղադրում էին բոլորը՝ բացի դատախազությունից: Եվ սա այն դեպքում, երբ անգամ ինքը՝ Նազարյանն է խոստովանում, որ իրեն չի հաջողվել կասեցնել ապօրինի շինարարությունը»:

Մարտի 1-ն այն վերջնաժամկետն է, որի ընթացքում հանրապետության նախագահը պետք է նշանակի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդակցելով խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, վերջիններիս հետ զրուցելով պարզել է, որ նրանք դժվարանում են տալ այնպիսի թեկնածուի անուն, որը համապատասխանի օրենքի պահանջին: Իսկ օրենքը պահանջում է, որ մարդու իրավունքների պաշտպանն այդ բնագավառում ունենա անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ, նաեւ՝ հասարակության մեջ վայելի բարձր հեղինակություն: Ինչ վերաբերում է օմբուդսմենի հնարավոր թեկնածուներին, ում անունը շրջանառվում է, ըստ «Հայկական ժամանակ»-ի, միակ թեկնածուն, որն առանց ավելորդ համեստության նշել է, թե ինքը պատրաստ է ստանձնել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, ՀՅԴ ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանն է: «Ով էլ լինի այդ պաշտոնը զբաղեցնողը, նա պետք է կարողանա պաշտոնը չկեղտոտել, քանզի դա ավելի շուտ առաքելություն է, ոչ թե պաշտոն», - ասում է տիկին Պետրոսյանը: Ամեն դեպքում, «Հայկական ժամանակ»-ի հայացքով՝ «մեկ ամսից ով էլ նշանակվի մարդու իրավունքների պաշտպան, իր նշանակմամբ երախտապարտ է լինելու մեկ անձի՝ հանրապետության նախագահին, դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

«Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության համախմբման նոր միտումներին, Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մի քանի շեշտադրումներ է անում. - «Այսպիսի միավորում ստեղծելու համար որոշ քաղաքական գործիչներ իրենց շատ մեծ հավակնություններից թերեւս պիտի հրաժարվեն: Ցանկացած ընդգրկուն շարժում ղեկավարելու համար միշտ էլ ընդգծված լիդերի անհրաժեշտություն կա: Դա նույնքան կարեւոր է, որքան կոչերը, ծրագրերը, տարբեր նախաձեռնությունները: Որքան էլ փորձ արվի այս հանգամանքը անտեսել, միեւնույն է, ընդդիմությունը չի կարող այդ խնդիրը չլուծել... Հայաստանում լուրջ գաղափարների պակաս կա: Քանի դեռ կուսակցությունները չեն կայացել, քաղաքական ասպարեզում տարրական գիտելիքները չեն դրվում գործողությունների հիմքում, առավելագույնը, որ կարող է լինել՝ անիմաստ հեղափոխությունն է», - կարծում է Տիգրան Թորոսյանը: Ինչ վերաբերում է իշխող կոալիցիայի ընդլայնման մասին խոսակցություններին, նա նշում է. - «Այլ քաղաքական միավորների հետ համագործակցությունը չի ենթադրում կոալիցիայի ընդլայնում: Տեսանելի ապագայում ես կոալիցիայի կազմում փոփոխություններ չեմ տեսնում»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, այս ընթացքի մեջ առաջնային խմորումները իշխանության ժառանգորդի գերխնդրի շուրջ են. - «Այժմ իշխանության տարբեր թեւերը փորձում են կռահել, թե ժառանգորդի հարցում հատկապես ում վրա են «խաղագումար» դնելու գերտերությունները, քանզի գրեթե ցանկացած իշխանավոր ձգտում է բռնել ապագա նախագահի փեշից, եւ դրանով հաջողությամբ ապահովագրել սեփական անձնական ու խմբակային շահերը: Այդ խաղերում, ուզած թե չուզած, իշխանության տարբեր թեւերը փորձելու են ինչ-ինչ հենարաններ գտնել ընդդիմադիր դաշտում»: Նկատի ունենալով նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր արագացումը, մեկնաբանը ամրագրել է. - «Հայաստանում գալիս են ժամանակներ, երբ նորանոր լուծումներ պետք է գտնեն ինչպես իշխանավորները, այնպես էլ ընդդիմադիրները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG