Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը եւս 5 ծրագիր կիրականացնի Հայաստանում


Առաջիկա վեց ամիսներին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանի համար կհաստատի 75 միլիոն դոլար ընդհանուր գումարի 5 նոր վարկային ծրագրեր։ Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի փոխանցմամբ, դրանք վերաբերելու են կրթական, առողջապահական, պետական կառավարման, խմելու ջրի մատակարարման, ինչպես նաեւ կենսաթոշակային ոլորտների բարեփոխումներին։

Արդեն հունվարի 22-ին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը պետք է քննարկի մոտ 20 միլիոն դոլար արժեցող կրթական բարեփոխումների երկրորդ վարկային ծրագիրը։ Բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի թիվը այդ դեպքում կհասնի 19-ի:

Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ամփոփելով անցյալ տարին, Ռոջեր Ռոբինսոնը ասաց, որ Հայաստանի տնտեսական կատարողականը շատ լավ ցուցանիշներ է գրանցել, հատկապես տնտեսական աճի առումով։ Բանկի ներկայացուցիչը, սակայն, հավելեց, թե դա չի նշանակում, որ «աղքատությունն արմատախիլ է արված երկրում»:

«Չքավորությունը դեռ բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում եւ լուրջ մարտահրավեր է: Առաջիկայում մենք կպայքարենք դրա դեմ», - ասաց նա։

Ռոբինսոնը անցած տարվա իրողություններից բացասաբար գնահատելով նաեւ աննախադեպ բարձր՝ 8,5 տոկոսանոց սղաճը, ասաց, որ այդ ցուցանիշը Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարի «իրենց տեսադաշտում են պահելու»:

Հայաստանում ընթացքի մեջ գտնվող 14 ծրագրերի ընդհանուր արժեքը 214 միլիոն դոլար է, որից 110 միլիոն դոլարն արդեն ծախսվել է: Ռոջեր Ռոբինսոնը հատկապես բարձր է գնահատում Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով իրականացվող դպրոցաշինության, դպրոցների հիմնանորոգման, աղքատ համայնքների ուժեղացման ծրագրերը։ Նրա փոխանցմամբ, բանկի ներքին աուդիտը շատ բարձր գնահատական է տվել նաեւ կրթական բարեփոխումների առաջին վարկային ծրագրին:

Կրթական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ընթացող դպրոցների օպտիմալացման արդյունքում մոտ 5 հազար ուսուցիչներ ազատվել են աշխատանքից, ու այս գործընթացը շարունակվում է։ Ըստ Ռոջեր Ռոբինսոնի, ուսուցիչների կրճատումը օրինաչափ է, քանի որ նախկինից ժառանգած կրթական ենթակառուցվածքը նախատեսված էր 4 միլիոն մարդու համար, մինչդեռ, Հայաստանի բնակչությունն այսօր շուրջ 3 միլիոն է:

«Բացի այդ, ուսուցիչների աշխատավարձը շատ ցածր է, ու ժամանակի ընթացքում կրթական համակարգը պետք է համապատասխանեցվի երկրի կարիքներին», - ասաց բանկի ներկայացուցիչը։

Խնդրահարույց ծրագրերի շարքում Ռոբինսոնը այսօր նշեց դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որի առնչությամբ ասաց, թե այդ ծրագրի բաղադրիչներից լավ է ընթանում միայն դատարանների շենքերի կառուցումը, մինչեռ, բավականին դանդաղ է ընթանում դրա ինստիտուցիոնալ զարգացման բաղադրամասը:

Բանկի ներկայացուցիչն ասաց, թե անբավարար գնահատված ծրագրեր գտնելու համար ժամանակային առումով պետք է շատ ետ գնալ: Որպես այդպիսին նա նշեց փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցման ծրագիրը, որը Համաշխարհային բանկի ներքին աուդիտը ոչ բավարար է գնահատել։

Ռոջեր Ռոբինսոնը տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Վաշինգտոն, որտեղ պետք է վերջնական տեսքի բերվի Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի աջակցման քառամյա ռազմավարության ծրագիրը՝ չմանրամասնելով, թե որքան կլինի այդ ծրագրի շրջանակներում Հայաստանին ցուցաբերվելիք աջակցությունը։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը մի քանի անգամ հայտարարել է, որ առաջիկա չորս տարիներին մեր երկիրը այդ կառույցից 180-200 միլիոն դոլարի արտոնյալ վարկավորում է ակնկալում։ Մինչդեռ, Համաշխարհային բանկի աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ օգնությունը զգալիորեն ավելի պակաս է լինելու՝ 150 միլիոն դոլարից ոչ ավելի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG