Մատչելիության հղումներ

Անցած տարվա ընթացքում շոշափելիորեն բարձրացել են անշարժ գույքի գները


Պաշտոնյաների փոխանցմամբ, անցյալ տարվա 11 ամիսների տվյալներով, Երեւանում շոշափելիորեն աճել են անշարժ գույքի գները: Մայրաքաղաքի կենտրոնում, օրինակ, բնակարանների գները աճել են 50-60 տոկոսով, առանձնատներինը եւ սեփական տներինը՝ 30-35 տոկոսով։

«Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով այս տվյալները, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գնահատման վարչության պետ Արշակ Խաչատրյանը հավելեց, որ այդ ընթացքում անշարժ գույքի հետ կատարվել է շուրջ 64 հազար գործարք, ինչը 15,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Այս միտումները Խաչատրյանը դրական է գնահատում: «Պետք չէ, որ քաղաքացիները վախենան գնային աճերից: Պետք է վախենալ գնային կտրուկ աճերից կամ կտրուկ նվազումներից», - ասաց նա: - «Ես չէի ասի, որ կտրուկ աճ տեղի ունեցավ»:

Արշակ Խաչատրյանը փաստմամբ, այժմ անշարժ գույքի գների վրա լուրջ ազդեցություն են թողնում ոչ միայն քաղաքի կենտրոնում իրականացվող լայնածավալ շինարարությունը, ինչպես նաեւ սփյուռքահայերի ներկայացրած պահանջարկը, այլեւ կողմնակի՝ ասենք,
բնապահպանական կամ կոմունալ հարմարություններով ապահովվածության գործոնը։

Գույքի արժեքի բարձրացումը, բնականաբար, պետք է ավելացներ գանձվող գույքահարկի մուտքերը համայնքների բյուջեներ։ Սակայն, դա մեծ հաշվով այդպես չէ, քանի որ այդ հարկատեսակի գանձման մեխանիզմները Հայաստանում դեռեւս գործուն չեն, համայնքների աշխատակազմերը պարզապես չեն տիրապետում անհրաժեշտ ծավալի տեղեկատվության:

Այս խնդիրը լուծելու համար Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իրականացրել է անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատում ու այժմ ամբողջական տվյալների այդ բազաները փոխանցում է համայնքներին։ Ակնկալվում է, որ այդ աշխատանքներն այս տարվա ընթացքում կավարտվեն եւ իրենց բյուջեներում ֆինանսական ճեղքվածքներ ունեցող համայնքները գույքահարկից եկամտային լուրջ հավելումներ կունենան։

Արշակ Խաչատրյանի փոխանցմամբ, որեւէ բնակարանի կադաստրային արժեքը կարող է կազմել դրա շուկայական գնի 70-80 տոկոսը։ Այդուհանդերձ, այս հարաբերությունը, նրա խոսքերով, միջինացնել չի կարելի, քանի որ անշարժ գույքի հետ կապված յուրաքանչյուր գործարքի դեպքում գինը որոշվում է անհատական մոտեցմամբ։

Երկրի անշարժ գույքի գերակշիռ մասը, մինչդեռ, հարկման տիրույթից դուրս է: Խոսքը մինչեւ 3 միլիոն դրամ արժողություն ունեցող բնակելի տների եւ բնակարանների մասին է, որոնք, 1997թ. ընդունված «Գույքահարկի մասին» օրենքի համաձայն, հարկման ենթակա չեն։ Սակայն, շուկան իր կանոններն ունի. այլ գույքի հետ մեկտեղ աճում են նաեւ գույքահարկից ազատված անշարժ գույքի գները։ Չհարկվելով հանդերձ, դրանք այնուամենայնիվ առուծախի առարկա են, ինչը, ըստ Արշակ Խաչատրյանի, զգալիորեն աղավաղում է գների ընդհանուր պատկերը անշարժ գույքի շուկայում: Ուստի մասնագետները առաջարկում են գույքահարկի այդ արտոնությունը վերացնել ու փոքր արժեք ունեցող գույքը նույնպես հարկել՝ թեկուզ սիմվոլիկ հարկով:

Ինչ վերաբերում է բարձրարժեք բնականների կամ բազմահարկ շքեղ առանձնատների հարկմանը, ապա դրանց նկատմամբ մոտեցումները փոխվեցին դեռեւս անցյալ տարվա ընթացքում, երբ դրանց արժեքից գանձվող գույքահարկի դրույքաչափը 0,8 տոկոսից հասցվեց 1 տոկոսի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG