Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը 7 տարվա ազատազրկում է պահանջում Լեւոն Աբրահամյանի համար


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուր քննվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ անցած սեպտեմբերին կանխված մահափորձի գործը, մեղադրող կողմը ուրբաթ 7 տարվա ազատազրկում պահանջեց մահափորձը նախապատրաստելու մեջ մեղադրվող ազգային անվտանգության նախկին փոխգնդապետ Լեւոն Աբրահամյանի համար:

Մահափորձի նախապատրաստումը բացահայտվել էր այժմ գործով որպես վկա անցնող Արայիկ Նարիմանյանի ցուցմունքի հիման վրա: Ըստ քրեական գործի, նախապատրաստվող մահափորձի մասին տեղյակ են եղել նախկինում արդեն դատապարտված երեք անձ Լեւոն Աբրահամյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի (ով ներկայումս Շուշիի բանտում պատիժ է կրում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար) ընկեր Արայիկ Նարիմանյանը, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Արծրուն Մարգարյանի բժիշկն ու ընկերը՝ Հրանտ Պապիկյանը: Վերջին երկուսը հանդես են գալիս որպես վկա:

Լեւոն Աբրահամյանը 1998-ին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, սակայն 2002-ի հունիսին նրան երկրի նախագահի հրամանագրով ներում էր շնորհվել: Քրեական այլ գործով դատապարտված Արայիկ Նարիմանյանը Աբրահամյանի հետ պատիժը կրում էր նույն կալանավայրում:

Ըստ մեղադրական ճառի, նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները հիմնավորվել են, որ ամբաստանյալ Աբրահամյանը կալանավայրում ծանոթանալով Արայիկ Նարիմանյանի հետ նրան ասել է, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պատճառով է ինքը 1998-ին դատապարտվել, ուստի առաջարկել է միասին նախապատրաստել Սերժ Սարգսյանի սպանությունը պայթուցիկ սարքի միջոցով: Նարիմանյանը այնուհետեւ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկացրել է օրինապահներին, ինչից հետո իր եւ Աբրահամյանի հանդիպումները տեսագրվել ու ձայնագրվել են: Աբրահամյանը թեեւ չի ժխտել քննությամբ ձեռք բերված ապացույցները, բայց պնդել է, թե սպանության նախաձեռնությունը Նարիմանյանից է եկել:

Մեղադրող Ամիրզադյանը, հրապարակելով գործի որոշ մանրամասներ եւ ձեռք բերված ապացույցներ, միջնորդեց Լեւոն Աբրահամյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Մարինա Ջանոյանն իր ճառը կհրապարակի հունվարի 13-ին: Վերջինիս խոսքերով, սակայն, իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել միայն Արայիկ Նարիմանյանի ցուցմունքների հիման վրա, իսկ ապօրինի կատարված գաղտնի ձայնագրությունների ու տեսագրությունների սղագրությունները կցվել են գործին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG