Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


2004 թվականի քաղաքական մարտահրավերները «Հայոց աշխարհ» թերթում այսօր ուրվագծվում են այսպես. - «Իշխանության եւ նրան աջակցող քաղաքական ուժերի համար գոնե առայժմ գլխավոր մարտահրավերները գտնվում են ոչ թե ներքաղաքական կյանքում, այլ արտաքին այն բարդ խնդիրների մեջ, որոնց լուծման գործում հավանական հաջողությունից կամ անհաջողությունից է կախված իրավիճակը նաեւ երկրի ներսում: Միջազգային-քաղաքական այն կացությունը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, է՛լ ավելի է մեծացնելու արտաքին մարտահրավերների ուղղակի եւ միջնորդավորված ներգործությունը իշխանության եւ նրան աջակցող ուժերի քաղաքական պահվածքի վրա: Դրանց շարքում թիվ մեկ խնդիրը եղել ու մնալու է Ղարաբաղյան հիմնահարցը»: «Ամենակարեւորը Ադրբեջանի հետ հեռակա կարգով ընթացող տնտեսական մրցակցության մեջ տանուլ չտալու հրամայականն է», - առանձնացված է «Հայոց աշխարհ»-ում: - «Դրանից է մեծապես կախված լինելու նաեւ ներքաղաքական կայունությունը, որովհետեւ միայն տնտեսության արագընթաց զարգացումը թույլ կտա իրականացնել արդյունավետ սոցիալական քաղաքականություն»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ըստ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի, վերջինիս աստիճանական թուլացումը կարող է շարունակվել նաեւ 2004-ին, եթե քաղաքական ասպարեզում առկա ընդդիմադիր ուժերը արդեն գալիք ամիսների ընթացքում չկարողանան լուծել առնվազն երեք խնդիր. - «Դրանք են. ա) ընդդիմության «քաղաքականացումը», այսինքն՝ մեկ անձի դեմ ուղղված նրանց քննադատությունների ու հայհոյանքների փոխարինումը քաղաքական նպատակներով, ծրագրերով եւ դրանք իրականություն դարձնելու վճռականությամբ, բ) ընդդիմության միավորումը ոչ թե նախագահին ու իշխանություններին հայհոյելու գործում առավել «համարձակ» անհատների, այլ հստակ նպատակներ ու խնդիրներ առաջադրող քաղաքական գործիչների շուրջ, գ) եւ թերեւս ամենակարեւորը՝ ընդդիմությանն անհրաժեշտ է նոր առաջնորդ»: Մեկնաբանը նաեւ ընդգծում է. - «Արտաքին մարտահրավերները կարող են ուղղակի պառակտել երկիրը եւ ուժասպառ անել նրան, եթե հայաստանյան ընդդիմությունն իր ողջ քաղաքականությունը շարունակի կառուցել «ինչ լավ է, որ վատ է» սկզբունքի վրա»:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքից պատգամավոր Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Նոր տարում քաղաքական դաշտի դասավորվածությունն էլ առանձնակի դրական զարգացումներ չի խոստանում: Անհրաժեշտ են նոր գաղափարներ, մարտավարություն: Սա չի նշանակում, թե «Արդարություն» դաշինքում այսօր չկան այդպիսի գաղափարներ: Կա անհրաժեշտություն կազմակերպչական եւ քարոզչական աշխատանքի փոփոխության ու ընդլայնման: Ինչ վերաբերում է իշխանությանը, մասնավորապես կառավարող կոալիցիային, ապա այսօրվա կաղապարված գաղափարներով նրանք էլ առաջ չեն գնա»: «Հայաստանի ցանկացած քաղաքացուց սկսած մինչեւ ամենաբարձր պաշտոնյան, գիտակցում են իշխանության այնպիսի համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը, որը երկիրը կմղեր դեպի իրական զարգացում: Ուղղակի ինչ-որ պահի անձնական նեղ շահերը շարունակաբար խոչընդոտում են այդ անխուսափելի պրոցեսին», - ասում է Հրանտ Խաչատրյանը՝ ընդգծելով. - «Վաղուց ի վեր ձեւավորվել է հասարակական պահանջ, որ այդ «անցումային» կոչվածը ավարտվի, եւ երկիրը թեւակոխի կայուն զարգացման փուլ»: Պատգամավորը նաեւ ակնկալում է հասարակության էական ակտիվացում, այլապես մթնոլորտը, իրավիճակը չի փոխվի:

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Գրիգոր Հարությունյանը «Առավոտ» թերթում այսօր բանաձեւում է. - «Առաջին հերթին պետք է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որն այդպիսով բարոյական իրավունք, ուժ կունենա նաեւ առաջ մղել Հայաստանի բարդ խնդիրների լուծումը: Այլապես», - բնորոշում է նա, - «2003 թվականն էլ մենք եզրափակեցինք այնպիսի տրամադրություններով, որ հասարակության որոշակի հատվածի մոտ խորացավ միտքը, թե անիմաստ է ապրել այսպիսի երկրում»:

«Իրավունք» թերթը «Միայն հինավուրց ժողովրդի մակարդակ» վերնագրի տակ նոր տարվա մեկնարկային արձանագրումները այսօր բացում է այսպես. - «Ըստ միջազգային դիտորդների, այս երկրի ժողովուրդը երկու նպատակ ունի՝ մեկ «իզի քարտ», մեկ էլ՝ «գրին քարտ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG