Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում


Միացյալ Նահանգների՝ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում օգնություն ստացող ընդամենը 10 երկրների ցանկում կարող է ընդգրկվել նաեւ Հայաստանը:

Միայն այս տարի նշված ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգները 1 միլիարդ 300 միլիոն դոլար են հատկացնելու, այդ օգնության ծավալը 2006 թվականին հասնելու է տարեկան 5 միլիարդ դոլարի: Գումարները տնօրինող հիմնադրամի խորհուրդը գլխավորելու է ԱՄՆ պետքարտուղարը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրենին նշանակելու է ԱՄՆ նախագահը:

Այդ օգնությունը ստացող երկրների ընտրությունը կատարվելու է հետեւյալ կերպ. երկիրը պետք է ունենա այդ օգնության կարիքը՝ մեկ շնչի հաշվով եկամուտը չպետք է գերազանցի 1435 դոլարը: Հայաստանը միանգամայն բավարարում է այդ պայմանին, քանի որ մեզանում այդ ցուցանիշը մոտ է 600 դոլարին:

Պարտադիր պայմաններից է նաեւ օրինավոր կառավարումը՝ օրենքի իշխանություն, մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների ապահովում եւ կոռուպցիայի ցածր մակարդակ: Երկրորդ պայմանը կրթությանն ու առողջապահությանը հատկացվող ուշադրությունն է երկրում: Եվ երրորդ պայմանը տնտեսական ազատականությունն է:

Ծրագրի շրջանակներում օգնության հավակնող երկրների շարքում Արեւելյան Եվրոպա - Կովկաս - Կենտրոնական Ասիա տարածաշրջանից անվանվել է միայն Հայաստանը: Ընտրությունը կատարվել է Վաշինգտոնում գտնվող Գլոբալ զարգացման կենտրոնի մասնագետ Ստիվ Ռադելեթի կողմից:

Ըստ վերջինիս, ընտրության մեխանիզմը շատ բարդ է. դեռեւս անցած տարի նա առաջարկել էր այդ ցուցակում ընդգրկել Վրաստանն ու Ալբանիան: Իսկ այժմ միանշանակ կերպով առաջարկել է Հայաստանը:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի ընդգրկումը մեծապես կախված կլինի մասնավորապես «Ֆթիդոմ հաուս» կազմակերպության՝ հայաստանյան ընտրությունների գնահատականներից, որոնց հրապարակումը ակնկալվում է մոտակա ամիսներին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG