Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շարունակում է հերքել, թե պատվիրել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը


Ցուցմունք տալով զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով հերթական նիստում, գործարար Արմեն Սարգսյանը կրկին հերքեց, թե ինքն է պատվիրել Նաղդալյանի սպանությունը՝ ընդունելով իր մեղքը հանցագործության մասին իմանալ-չհայտնելու մասով:

Նախորդ նիստերում ամբաստանյալներից Հովհաննես Հարությունյանի («Ապեր» մականունով, ում նկատմամբ առաջին ատյանի դատարանը բավական մեղմ պատիժ է սահմանել՝ 7 տարվա ազատազրկում) բացակայությամբ մյուս ամբաստանյալները նախորդներից որոշ չափով տարբերվող ցուցմունքներ էին տվել՝ պնդելով, թե դա է ճշմարտությունը: Սպանությունը իրականացնող Ջոն Հարությունյանը, օրինակ, ասել էր, թե սպանությունը կատարելու համար նախապատրաստական աշխատանքները կատարվել են դեկտեմբերի 15-ից առաջ, այսինքն՝ ավելի վաղ, քան, ըստ առաջին ատյանի դատավճռի հիմնավորման, Արմեն Սարգսյանը պատվերը տվել է Հովհաննես Հարությունյանին:

Վերջին պահին սպանությունը կատարելուց հրաժարված Ֆելիքս Առուստամյանը հայտարարել էր, թե բացի իրենցից Տիգրան Նաղդալյանին այլ մեքենաներով նույնպես հետեւել են: Իսկ եղամ Շահբազյանը, փաստորեն, առաջին անգամ այս դատարանում պնդեց, որ սպանության պատվերը տվել է Հովհաննես Հարությունյանը:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ այսօր դատարանում տված ցուցմունքի, Հովհաննես Հարությունյանին 2003-ի հունվար-փետրվարին ինքը իրոք 75 հազար դոլար է տվել, որովհետեւ Հարությունյանը վստահեցնում էր, թե մարդասպանները սպառնում են վնաս պատճառել Սարգսյան եղբայրներին ու նրանց ընտանիքներին:

«Եվ էդ գումարները ես տվել եմ նրա համար, որ ընդհանրապես իմ անունը չխառնվի, այլ ոչ թե սպանության համար», - ասաց նա: - «Եթե Ապերի հետ մի բան կատարվեր, էլի փաթաթվելու էր, գար հասներ մեզ: Ես ամեն կերպ ստրախովկա եմ արել, որ չփաթաթվի մեր վզին»:

Արմեն Սարգսյանը ընդունեց, որ սպանությունը կատարողների մասին իմացել, բայց չի հայտնել՝ դա պայմանավորելով իրավապահ մարմինների նկատմամբ ունեցած անվստահությամբ: Նույն պատճառով էլ, իր խոսքերով, շարունակել է գումար տրամադրել. - «Հետագայում գումարը տվել եմ նրա համար, որպեսզի մեր անունը չխառնվի եւ մեզ վտանգ չսպառնա, որպեսզի փակվի այդ գործը, որպեսզի այդ գործը ջրի երես դուրս չգա»:

Արմեն Սարգսյանի խոսքերով, Հովհաննես Հարությունյանը կարող են պատվիրել Նաղդալյանի սպանությունը, քանի որ իրեն պատմել էր, թե ժամանակին «Նաղդալյանի խառնվելով», Հարությունյանն ու իր երկու-երեք գործընկերները զրկվել են ինչ-որ հողատարածք գնելու հնարավորությունից:

«Ուզեցել են էդ տարածքը մեծացնել: Եվ ասեց [Հովհաննես Հարությունյանը]՝ Նաղդալյանի խառվելով, էդ տարածքը ինքը չի կարողացել վերցնել: Տարածքը տրվել է ուրիշի», - ասաց նա՝ հավելելով, այդուհանդերձ, որ փաստեր այդ մասին չի կարող ներկայացնել:

Դատավարությունը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG