Մատչելիության հղումներ

Կառավարությունը խստացնում է երեխաների որդեգրման կարգը


Կառավարությունն այսօր փոփոխություն մտցրեց երեխայի որդեգրման կարգում, որով այդ բնագավառի հարաբերությունները մոտեցրեց Հայաստանի կողմից դեռեւս 1992 թվականին ստորագրված ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի պահանջներին։

Սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանի խոսքերով, հարցի լուծումը հասունացել էր, քանի որ վերջին տարիներին նկատվում է արտասահմանցիների կողմից հայ երեխաների որդեգրման դեպքերի կտրուկ ավելացում: Մինչդեռ հայաստանցիների կողմից որդեգրված երեխաների թիվը ոչ միայն չի աճում, այլեւ նվազման միտում ունի:

Վարդանյանը հրապարակեց որդեգրումների իսկապես մտահոգիչ վիճակագրությունը. եթե 2001 թվականին Հայաստանի քաղաքացիների կողմից որդեգրվել է 136, իսկ օտարերկրացիների կողմից 43 երեխա, ապա 2003 թվականին հայաստանցիները որդեգրել են 128, իսկ արտասահմանցիները՝ արդեն 76 հայ երեխա։

«Ազատություն» ռադիոկայանը առաջինը բարձրաձայնեց, որ օտարերկրացիների կողմից հայ երեխանների որդեգրումը հաճախ ուղեկցվում է պաշտոնական դիրքի չարաշահումներով, կոռուպցիայով, ու այլեւայլ անառողջ հետաքրքրություններով:

Աղվան Վարդանյանը այսօր վկայակոչեց միջազգային կոնվենցիայի նորմերը, որոնք արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրումը խրախուսում են միայն այն դեպքերում, երբ սպառվել են հայրենիքում տվյալ երեխայի որդեգրման հնարավորությունները: Նախարարի հավաստմամբ, կառավարության այսօրվա որոշումը միտված է այդ պահանջի ապահովմանը:

«Մենք նախատեսում ենք, որ որդեգրման ենթակա երեխայի գրանցումից հետո առնվազն 3 կամ 6 ամիս հետո միայն արտասահմանյան քաղաքացին կարող է այդ երեխայի որդեգրման հայտ ներկայացնել», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Եթե այդ ընթացքում Հայաստանի քաղաքացիները չեն դիմում, չեն փորձում որդեգրել, նոր միայն հրավորություն է տրվում օտարերկրացուն»:

Ընոդւնված որոշմամբ խստացվում է նաեւ որդեգրման գործընթացին բուժհիմնարկների, առաջին հերթին ծննդատների մասնակցության վրա վերահսկողությունը, քանի որ լինում են դեպքեր, երբ երեխան դեռ չծնված, նրան, այսպես ասենք, ուղղակի վաճառում են արտասահմանցու:

Նախարարի փոխանցմամբ, վերահսկողությունը խստացնելու նպատակով այսուհետեւ բոլոր որդեգրվող երեխաների վերաբերյալ տեղեկությունները կամբողջացվեն ու կամփոփվեն մեկ միասնական տեղեկատվական բազայում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG