Մատչելիության հղումներ

Մրցութային փաթեթները ներկայացվեցին. արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 29-ին


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ մայրաքաղաքում դեցիմետրային մեկ կապուղու համար հայտարարված մրցույթի շրջանակներում այսօր մրցակից 4 հեռուստաընկերություններ ներկայացրեցին իրենց մրցութային առաջարկները: Սա «Ա1+» հեռուստաընկերության՝ մոտակա տարիների համար կապուղի ստանալու, թերեւս, վերջին հնարավորությունն է:

Ներկայումս «Արտ 13» հեռուստաընկերությանը պատկանող կապուղու համար հայտեր են ներկայացրել «Երկիր մեդիա», «Ավետիս», «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունները: Վերջինս, դեռեւս անցած նախագահական ընտրարշավից առաջ զրկվելով իր զբաղեցրած կապուղուց արդեն մասնակցել ու պարտվել է Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած բոլոր մրցույթներին: «Ա1+»-ին եթերից դուրս պահելը հայաստանյան իշխանություններին քննադատության թիրախ է դարձրել ոչ միայն հայաստանյան ընդդիմության (որի ներկայացուցիչներին այդ հեռուստաընկերությունը առավել հաճախ էր եթեր տրամադրում), այլեւ միջազգային բազմաթիվ կառույցների ու կազմակերպությունների համար:

Իշխանություններն այդ քննադատությանը միշտ արձագանքել են, թե բոլոր մրցույթները անցկացվել են գործող օրենսդրության սահմաններում:

«Երկիր մեդիա»-ի տնօրեն, դաշնակցական Ռուբինա Պետրոսյանը, ով ավելի վաղ մամուլում հերքել էր, թե հեռուստաընկերությունը պատկանում է ՀՅԴ-ին, ներկայացնելով իրենց առաջարկի ֆինանսական կողմը, ասաց. - «Տասը տարվա ընթացքում ներդրված կլինի 6 միլիոն 960 հազար ամերիկյան դոլար»: Պատկառելի են նաեւ «Ավետիս» հեռուստաընկերության ներկայացրած թվերը. արդեն կատարված մոտ 800 հազար դոլարի ներդրումներին կհավելվի եւս շուրջ 5 միլիոն դոլար: Ավելի համեստ էին «Նոյյան Տապան»-ի ու «Ա1+»-ի առաջարկները՝ համապատասխանաբար 3,3 միլիոն եւ 2 միլիոն դոլար:

Բոլոր հեռուստաընկերությունները, անշուշտ, ակնկալում են հավելյալ գումարներ վաստակել իրենց արտադրանքով ու գովազդով:

Գնահատելու են նաեւ հեռուստաընկերությունների ներկայացրած ստեղծագործական ծրագրերը: Եվ եթե «Ա1+»-ն ու «Նոյյան Տապան»-ը համառոտ ներկայացրին դրանք, քանի որ նախորդ առաջարկների համեմատ փոփոխությունները մեծ չեն, ապա մյուս երկու հեռուստաընկերությունները ստեղծագործական իրենց ծրագրերը ներկայացվեցին բավականին հանգամանորեն:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության՝ Դաշնակցության հետ առնչություն ունենալու-չունենալու մասին այսօր ակնարկ իսկ չհնչեց: Ներկայացնելով հեռուստաընկերության բաժնետերերին, այդուհանդերձ, հեռւստաընկերության ներկայացուցիչ Ռիտա Շառոյանը նշեց նաեւ Միացյալ Նահանգներում գործող «Հորիզոն»-ը, որը դաշնակցական հեռուստաալիքի համարում ունի:

«Ավետիս»-ի բաժնետերերից է, ինչպես նշվեց այսօր, Հայաստանի գործարաների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Մրցույթի արդյունքները կափոփվեն դեկտեմբերի 29-ին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG