Մատչելիության հղումներ

Քաղծառայության խորհուրդը «կայացել է», թեեւ «դեռ կան թերություններ»


«Քաղաքացիական ծառայության համակարգը, որի մասին այդքան խոսում էին... իրոք, Հայաստանում կայացած է», - երկուշաբթի օրը քաղծառայողների սեմինար-խորհրդակցության ժամանակ հայտարարեց երկրի նախագահի օգնական Արմեն Գեւորգյանը՝ այդուհանդերձ ավելացնելով. - «Կայացած է ամբողջական իմաստով, չի կարելի ասել, որ թերություններ չկան: Կան թերություններ, կան բացթողումներ, որոնք մենք փորձում ենք շտկել»:

Նախագահի օգնականի խոսքերով, եթե ոչ կասկածելի, ապա գոնե մտահոգիչ են տեղերում անցկացվող մրցույթները ցածր պաշտոնների համար:

«Ցավոք սրտի, մենք մտահոգություն ունենք (չեմ ուզում ասել կասկածներ). տեղերում կատարվող որոշ մրցույթներ տպավորություն են ստեղծում, որ ժամանակ առ ժամանակ դրանց արդյունքները կանխորոշված են», - ասաց Գեւորգյանը՝ «անթույլատրելի» որակելով այդ երեւույթը:

Մինչդեռ, մտահոգությունների (եթե չասենք՝ կասկածների) տեղիք են տալիս նաեւ բարձր պաշտոնների համար՝ Քաղծառայության խորհրդի կողմից անցկացվող մրցույթները: Ասենք, վերջերս նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթում հաղթող ճանաչվեցին 3 մասնակիցներ, որոնցից մեկին, օրենքի համաձայն, ընտրեց երկրի նախագահը: Դեռեւս մինչեւ Քաղծառայության խորհրդին հայտերը ներկայացնելը, սակայն, մամուլն արդեն անվրեպ ծանուցել էր, թե ով է «ընտրվելու»:

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը անդրադարձավ նաեւ իր մտահոգությունը հարուցած հետեւյալ խնդրին. տարբեր կուսակցությունների անդամագրվելու դիմաց մարդկանց խոստանում են պաշտոններ:

«Ուրեմն այդ ներգրավելու դիմաց խոստումներ տվողը նաեւ մրցույթի համար է ինչ-որ պատասխանատվություն վերցնում», - ասաց նա: - «Դա հրապարակավ դատապարտելու ենք: Գոնե ես ամեն ինչ այդ երեւույթի դեմ ձեռնարկելու եմ»:

Բադալյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ «Քաղծառայության մասին» օրենքն ընդունելիս շեշտվում էր, որ «կուսակցությունները այս համակարգի ստեղծմամբ կձերբազատվեն աշխատանքի բորսա լինելուց»:

«Բայց պարզվում է որոշ մարդկանց գլուխներում այդ միտքը դեռ պտտվում է», - ասաց Բադալյանը՝ առանց մասնավորեցնելու:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG