Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ ամբաստանվողները հրաժարվում են իրենց ցուցմունքներից


Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտին է մոտենում նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների դատավարությունը: Ուրբաթ օրը պաշտպանական ճառերով հանդես եկած ամբաստանյալները հրաժարվեցին իրենց՝ նախաքննության ընթացքում եւ դատարանում տված ցուցմունքներից՝ նշելով, որ դրանք տվել են քննչական մարմնի ներկայացուցիչների ճնշման տակ:

Անցած տարվա օգոստոսին ձերբակալված հինգ ամբաստանյալներից չորսը, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ազգությամբ հայ չեն, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին աշխատակից, ավագ սպա Արթուր Օգանեզովը փախստական է Բաքվից: Վերջինիս համար, որ մեղադրվում է ոչ միտումնավոր կերպով պետական գաղտնիք հրապարակելու մեջ, մեղադրող կողմը պահանջել է որպես պատժաչափ սահմանել 2 տարվա ազատազրկում: Մյուս ամբաստանյալների համար պահանջվել են ավելի խսիտ պատժաչափեր՝ 11-15 տարվա ազատազրկում:

Բոլոր ամբաստանյալներին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ գործակցության մեջ է ներգրավել Նինա Շիլինան: Իր ամուսնուն՝ Էդգար Ֆիլկովին, վերջինիս եղբորը՝ Ալեքսանդր Գասպարյանին (սա կրում է խորթ հոր ազգանունը), եւ մեկ այլ ազգականի՝ Իվետա Ֆիլկովային Շիլինան առանձին-առանձին իր հետ տարել է Թբիլիսի, ուր հանդիպել են անդրբեջանական հատուկ ծառայությունների գործակալների հետ եւ դրդել է ստորագրություն տալ համագործակցության մասին:

Իսկ փոխանցվող տեղեկությունները նրանք վերցրել են հիմնականում Արթուր Օգանեզովի կնոջից, ով ամուսնու գրառումներից, առանց ամուսնուն նպատակը ասելու՝ նրանից իմացած տեղեկությունները հաղորդել է Շիլինային եւ դրա դիմաց գումար ստացել վերջինից: Էլլադա Օգանեզովան, սակայն, ամբաստանյալների թվում չէ, քանի որ ժամանակին գիտակցել է, թե ինչ է անում, ներկայացել է համապատասխան մարմիններին ու ամեն ինչ պատմել է:

Նրա ամուսինը, այդուհանդերձ, մեղադրվում է «ոչ միտումնավոր կերպով պետական գաղտնիք հրապարակելու մեջ»: Նրա՝ տուն բերած մի տետրից կինը արտագրել է պետական գաղտնիքներ պարունակող տվյալները եւ փոխանցել Շիլինային:

Դատարանը այսօր բավարարեց Օգանեզովը միջնորդությունը, որպեսզի իր պաշտպանական ճառը հնչի դռնփակ, քանի որ վախենում է նորից անզգուշաբար ինչ-որ գաղտնիքներ հրապարակել: Իսկ պաշտպանական ճառերով այսօր հանդես եկած ամբաստանյալներ Էդգար Ֆիլկովը, Ալեքսանդր Գասպարյանը եւ Իվետա Ֆիլկովան հրաժարվեցին իրենց նախաքննական ու դատաքննական ցուցմունքներից: Ամբաստանյալները նշեցին, թե գործով այլ ապացույցներ չեն հայտնաբերվել եւ ստացվել է, որ «իրենք դատապարտվում են իրենց իսկ տրված ցուցմունքների հիման վրա», որոնք տրվել էին ճնշման տակ:

Իսկ հանցավոր գործունեության կազմակերպիչ Նինա Շիլինան այսօր խնդրեց իրեն լրացուցիչ ժանական տալ պաշտպանական ճառը նախապատրաստելու համար:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG